Tert.am. Պոլսո հայոց պատրիարքարանի՝ Գում Գափու թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու մոտ կրակ բացածները ձերբակալվել են։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Samanyoluhaber-ը, ձերբակալված 3 անձանցից մեկը հայ է։

Նրանք եկեղեցու մոտ 7 անգամ օդ էին կրակել և դիմել փախուստի։ Կասկածյալները եկեղեցու պատերին «Շղթաները թող կոտրվեն, Այա Սոֆիան թող բացվի» գրությամբ թղթիկներ են փակցրել։

Ձերբակալված կասկածյալները, այդ թվում՝ հայը, խոստովանական ցուցմունք են տվել։ Նրանք նշել են, որ սադրանք իրականացնելու կամ խուճապ առաջացնելու նպատակ չեն ունեցել։

Դեպքից անմիջապես հետո ոստիկանությունն ուսումնասիրել է անվտանգության տեսախցիկների տեսագրությունները՝ պարզելու համար հարձակվողի ինքնությունն ու դեպքի մանրամասները։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել պատարագի ավարտին մոտ։ Հնչած կրակոցներից հետո եկեղեցում խուճապ էր սկսվել։