Սննդամթերքի անվտանգությունը երաշխավորում է իրավունքներից ամենակարևորը' մարդու կյանքի իրավունքը: Դեռևս 2010 թվականի վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվել է սննդամթերքի որակի նկատմամբ հսկողության բավականին արդյունավետ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս կապակցությամբ հատուկ նշել է, որ «Հայաստանում վաճառվող սնունդը պետք է որակյալ և անվտանգ լինի: Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի: Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այդ դաշտում չի լինելու ոչ մի պատճառաբանությամբ»:

Սննդի անվտանգության այս համակարգի միջոցով իրականացվում են մշտադիտարկումներ և ստուգումներ, որոնք ուղղված են մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր սննդամթերքի արտադրության և շրջանառության կանխմանն ու արգելմանը: Լիազոր մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում վտանգավոր մի շարք սննդամթերքների ներմուծումը կամ իրացումը կասեցվել ու արգելվել է, իսկ անորակ սննդամթերքը' ոչնչացվել: Համակարգը գործում է ամբողջ հանրապետության տարածքում' գոյություն ունեն դրա գործունեությունն ապահովող մարզային կենտրոններ, ինչպես նաև սահմանային հսկիչ կետեր:

Անվտանգ սննդի ապահովման խնդիրը պետական մարմինների պարտականությունն է, սակայն այս գործում հատուկ կարևոր դեր ունի յուրաքանչյուրը: Անհրաժեշտ է զանգահարել 43-40-40 թեժ գծի հեռախոսահամարով, եթե

1. հանդիպել եք ժամկետանց սննդամթերքի,

2. սննդամթերքի վրա չկան մակնշումներ' դրա արտադրության կամ պիտանելիության ժամկետի, վայրի, ներմուծողի կամ արտադրողի մասին,

3. փաթեթների վրա առկա մակնշումներն անընթեռնելի են,

4. առևտրի օբյեկտում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները վաճառվում են համատեղ՝ նույն բաժնում,

5. առևտրի օբյեկտում առկա են վատ սանիտարահիգիենիկ պայմաններ:

Նոր ստեղծված մեխանիզմի շնորհիվ վերջին երկու տարվա ընթացքում բացահայտվել է սննդի անվտանգության պահանջների խախտման ավելի քան 2000 դեպք: Նման դեպքերի բացահայտումը ամենևին չի նշանակում, որ վատթարացել է սննդի որակը, այլ միայն վկայում է այն մասին, որ բացահայտվում և կանխվում են մեր կյանքի ու առողջության համար ավելի մեծ թվով վտանգներ: Պետք է հետևողականորեն շարունակել սկսված դրական գործընթացը և նպաստել մեր շուկաներում անորակ և վնասակար սննդի իսպառ վերացմանը:

Պաշտպանի աշխատակազմ