Tert.am. Եվրամիությունը պետք է ամբողջ աշխարհում լրագրողների պաշտպանության եղանակ մշակի, ասվում է չորեքշաբթի օրը Բրյուսելում Եվրապառլամենտի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի որոշման նախագծում, հայտնում է Interfax-ը:

Եվրամիության պատգամավորները նշում են, որ մամուլի ազատությունն ավելի ու ավելի հաճախ է ենթարկվում հարձակումների. լրագրողներին հետապնդում են և բանտ ուղարկում աշխարհի տարբեր երկրներում: Նրանք նաև ընդգծում են, որ երկների կառավարությունները պետք է լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգության միջոցառումներ ձեռնարկեն:

Եվրապառլամենտի հանձնաժողովի անդամները հաստատում են, որ շատ երկրներում իրավական ճնշումը, ահաբեկումն ու տուգանքները պետական իշխանությունների միջոց են հանդիսանում են, որոնք խոչընդոտում են լրագրողների ազատ արտահայտման հնարավորությանն ու նրանց անկախությանը:

Եվրամիության պատգամավորների կարծիքով, Եվրամիությունը պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի այն երկրների հանդեպ, որտեղ չեն պատժվում լրագրողների հանդեպ իրականացված բռնությունը և սպանությունները:

«Եվրամիությունը կարող է օրինակ ծառայել մամուլի ազատության ամրապնդման և լրագրողների պաշտպանության համար՝ այդ խնդիրը լուծելով սեփական սահմանների ներսում», - նշվում է փաստաթղթում: Ակնկալվում է, որ այս նախագիծը Եվրապառլամենտի քննարկմանը կառաջադրվի լիագումար նիստի ժամանակ՝ հունիսին: