Երեկ պարզ դարձավ, թե գործադիր մարմինն ում հետ է նախընտրում աշխատել առաջիկա տարիներին: Ինչպիսի՞ Հայաստան է սպասվում հանրությանը' նոր Կառավարության առաջնորդությամբ:

«Ես կարծում եմ' բոլոր այն զարգացումները, որ վերջին 4-5 տարիներում գնում էին, շարունակվելու են, և եթե զարգացումների իմաստով լինի, կարծում եմ' շատ դանդաղ առաջընթաց կլինի: Բայց, համենայն դեպս, համաքայլ աշխարհի զարգացումներին, հազիվ թե, կարողանանք հասնել հետևներից»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, նախկինում ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը: Մեր այն դիտարկմանը, որ ինքը բավականին լավատեսորեն է տրամադրված, ասաց. «Ոչ այդքան մեծ լավատեսություն, բայց նաև հոռետեսություն չունեմ»:

Պարոն Սադոյանի կարծիքով' Կառավարության խոհանոցում բարդ հարցեր շատ կան, այդ պատճառով ինքը չի կարող ասել, թե ինչու 3 նախարարներ չմնացին իրենց պաշտոններում: «Որևէ լուրջ խնդիր էլ չկա. ինչքան հասկանում եմ' էկոնոմիկայի նախարարին ուրիշ պաշտոն են առաջարկում… տեղափոխությունները որևէ ձևով չեն խփում անձերին: Որակական իմաստով Կառավարությունում մեծ փոփոխություններ չեն եղել: Ընդամենը որոշ տեղափոխություններ են, և ես կարծում եմ' ընդհանուր գիծը, որն առաջ էր տանում Տիգրան Սարգսյանը, կշարունակվի»,- ասաց նա:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի փոփոխությունը բնական համարեց մեր զրուցակիցը' հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրությունը:

«Վերջիվերջո, եթե ԲՀԿ-ն իրեն չի համարում իշխանական կառույցի շրջանակներում և որոշակի լարված հարաբերություններ ունի, այդ իմաստով Հանրապետական կուսակցության համար էլ ճիշտ չի լինի այդ պաշտոնը տրամադրել ԲՀԿ-ի ներկայացուցչին: Եվ ինչքան հիշում եմ' Շարմազանովն այդպես էլ ասաց, որ որևիցե բան չունեն նախարարի նկատմամբ, ուղղակի որովհետև ինքը Բարգավաճից է, դրա համար էլ հանեցինք: Դա ճիշտ չէ նաև Բարգավաճի համար, որ իրենց ներկայացուցիչը մնա Կառավարության կազմում: Առավել ևս' մինչև հիմա հստակ չէ, չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ հայտարարություններին, մինչև հիմա պարզ էլ չի' Բարգավաճ Հայաստանն ինչպիսի դիրքորոշում ունի: Այս բարդ իրավիճակում Հանրապետական կուսակցությանը այնքան էլ ձեռք չէր տալիս այլընտրանքային կարգավիճակը, և այդ նախարարը պետք է հանվեր, ուրիշ ելք չկար»:

Արմինե Վարդանյան