Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով, որում ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին' Մայիսի 9-ի' Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով

Երկրորդ աշխարհամարտում ազգեր ու պետություններ մեծ զոհողությունների գնով հաստատեցին ազատ ու խաղաղ ապրելու իրենց իրավունքը' մերժելով բռնությունը և ֆաշիզմը: Մեր քաջարի ժողովուրդը նույնպես մասնակից եղավ և մեծ նպաստ բերեց մեծ հաղթանակի կերտմանը, որը ոգեղեն աղբյուր դարձավ Շուշին ազատագրող ու Արցախյան ազատամարտին մասնակից մեր զավակների համար:

Փառք և գոհություն ենք մատուցում Աստծուն, որ ազգս հայոց ապահովության մեջ պարծանքով ու տոնական խնդությամբ է նշում Խաղաղության և հաղթանակի ու Շուշիի ազատագրման տոները: Շուշիի և Արցախի ազատագրմամբ, որ ձեռք բերվեց մեր քաջարի զավակների հերոսական պայքարով, մեր նորօրյա պատմության մեջ բացվեց նոր հաղթանակների, նոր կյանքի հուսառատ էջը' հաստատելով սուրբգրային խոսքը, թե ովքեր խաղաղություն են ուզում, ուրախ պիտի լինեն (Առակ. 12:20):

Աղոթելով հանուն հայրենյաց նահատակված մեր հերոս զավակների հոգվոց հանգստության համար' հայցում ենք, որ Տերը ամենախնամ Իր Սուրբ Աջով անվրդով, խաղաղության մեջ պահպանի համայն աշխարհը և մեր ժողովրդին' ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այսօր և միշտ: Ամեն»: