Մանկատան շրջանավարտների բնակարանային խնդրի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին.

Մանկատան շրջանավարտներին համալիր աջակցություն տրամադրելու, նրանց հասարակությանն ինտեգրելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 2003թ-ի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ հաստատվել է «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի նպատակն էր ապահովել Հայաստանի Հանրապետության մանկատների 1991-2010 թվականների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը և նրանց ինտեգրումը հասարակության մեջ:

«Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրն իրականացվել է՝ 2003-2005 թվականներին «Հայ ժողովրդավարական ֆորում», իսկ 2006 թվականից մինչ այժմ՝ «Հայ օգնության միություն» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Իրականացման առաջին տարիներին ծրագրում ներառվել են 1991 թվականից մինչև 2003 թվականը մանկատան շրջանավարտները, ովքեր հիմնականում անօթևան էին, ունեին ծանր հոգեբանական և առողջական խնդիրներ: Մեծ ջանքերի և բազմամասնագիտական խմբերի աշխատանքի շնորհիվ շահառուների մեծ մասը ինտեգրվել է հասարակությանը:

2003 թվականից մինչ այժմ ծրագրով տրամադրված միջոցների հաշվին բնակարան և բնակարանի համար նախատեսված գույք է տրամադրվել մանկատան 193 շրջանավարտի, միանվագ դրամական օգնություն՝ 233 շրջանավարտի, կրթաթոշակ՝ 103 շրջանավարտի, մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում են ստացել 212 շրջանավարտ, իսկ բժշկական ծառայություն' 252 շրջանավարտ:

Բնակարանների գնման գործընթացի որոշակի խնդիրներից ելնելով ՀՀ կառավարության կողմից դադարեցվել է շրջանավարտների համար բնակարանի գնումը և որդեգրվել է նոր մոտեցում' սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորում և շահառուներին սոցիալական բնակարանի տրամադրում:

Ներկայումս բնակարանների տրամադրման հերթացուցակում հաշվառված է մանկատների 243 շրջանավարտ:

ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի որոշմամբ նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվում է հանրապետության տարբեր բնակավայրերում սոցիալական բնակֆոնդի համար կառուցված շենքերից մանկատան շրջանավարտներին հատկացնել կացարաններ:

2012թ. շահագործման են հանձնվել Մարալիկի սոցիալական բնակարանային համալիրի երեք շենքերը՝ 59 կացարանով, որոնցից 26-ը հատկացվել է մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների:

ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1012-Ն որոշմամբ նախարարությանն է ամրացվել նաև Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող շենքը, որը հիմնանորոգումից հետո ունենալու է 45 կացարան:

Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման գործընթացը շարունակական է, առաջիկայում նախատեսվում է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացնել նաև Ծաղկահովիտ, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում կառուցվող սոցիալական տները:

Ձևավորվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների մի մասը նույնպես կհատկացվեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խմբին դասված անձանց, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին, իսկ մնացածը' սոցիալապես անապահով բնակելի տարածության իրավունք ունեցող այլ խմբերի՝ բացառելով նույն սոցիալական տանը միևնույն սոցիալական խմբի ներկայացուցիչների կուտակումը:

Ելնելով վերոհիշյալից, կարելի է պնդել, որ Ձեր գրությամբ բարձրացված, մամուլում տեղ գտած՝ մանկատան շրջանավարտների սոցիալական բնակարանների նախկին հերթագրումը չեղյալ հայտարարելու և հերթագրման նոր չափորոշիչներ սահմանելու վերաբերյալ հրապարակումներ, ինչպես նաև մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների մտահոգությունը' բնակարանների օտարվելու կապակցությամբ, առնվազն հիմնավորված չեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Բնակելի տարածության իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկը, բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով անձանց (ընտանիքներին) կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում երաշխավորվում է մանկական խնամակալական կազմակերպությունների 1991-2003թթ. շրջանավարտների՝ արդեն իսկ ճանաչված բնակելի տարածության իրավունքի իրացումը, ձևավորվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների թվին համահունչ՝ բացառելով նույն սոցիալական խմբին դասված անձանց կուտակումները սոցիալական տներում: