ԳԱԼԱ. ՌԴ Տրոյիցկ քաղաքի մերձակա ամառանոցում 59-ամյա էլեկտրիկը գնդակահարել է ամուսնական զույգին' նրանց 6-ամյա երեխայի աչքի առաջ: Մարդասպանը փոքրիկին չի վնասել:

Ողբերգության մասին ոստիկաններին հաղորդել են ամուսնական զույգի հարեւանները: 6-ամյա փոքրիկը նրանց պատմել է, որ իր ծնողներին սպանել է հարեւանը:

43-ամյա Ալեքսանդր Լեոնովը եւ 39-ամյա Օլգա Գրուզկովան սպանվել են «Սայգա» տեսակի որսորդական կարաբինով: Շոկային վիճակում գտնվող երեխային իր հետ տարել է հորեղբայրը:

Դաժան հանցագործության մեջ կասկածվում է սպանվածների 59-ամյա հարեւան Սեմյոն Միխնեեւը, ով արդեն ձերբակալվել է եւ ցուցմունքներ է տալիս:

Հարեւանները ոստիկաններին պատմել են, որ զույգը 3 տարի առաջ վիճել է Միխնեեւի հետ, ով էլեկտրական հաղորդալարերի հենասյունը տեղադրել է իր եւ սպանված հարեւանների հողատարածքների միջնամասում:

Վերջիններս պահանջել են, որպեսզի նա հեռացնի հենասյունը: Սեմյոն Միխնեեւը հրաժարվել է, եւ այդ օրվանից հարեւանների միջեւ մշտական վեճեր էին տեղի ունենում:

Հաղթանակի օրվա առիթով, մի լավ կոնծելուց հետո, Միխնեեւը գնացել է հարեւանների տուն եւ որսորդական հրացանով գնդակահարել նրանց:

Էդուարդ Մխիթարյան