Ստորև ձեզ ենք ներկայացնում Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներով» գրքից մի փոքրիկ հատված.

Մի օր բաղնիքի պատին Մկրտիչ Ջանանի ձեռագրով կարդացի.

«Տերևները թափվում են, այսօր Գուրգեն Վանանդեցին վախճանվեց»:

Մի այլ անգամ Վաղարշակ Նորենցի ձեռագրով կարդացի.

«Խորենը առաջինը գնաց Եղիա Տեմիրճիպաշյանի ետևից»:

Այդ նշանակում էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը' Խորեն Առաջինը կախվեց [1]:

Կրոնը դատապարտում էր ինքնասպանությունը, չնայած դրան Խորեն Առաջինը, որպես բողոք իր ժողովրդի գլխին եկած աղետի, կախվեց: Այսպիսի ցնցող դեպք հայ պատմությունը դեռ չէր տեսել, որ տեղի ունեցավ Ստալինի ու Բերիայի գահակալության արյունոտ օրերին: Մեր խցում էին Կոտայքի շրջանի Ճաթղռան գյուղի երեք երիտասարդներ. Նիկոլը, Հակոբը և Պետիկը, որոնց մեղադրում էին տրոցկիզմի մեջ և ամեն օր նրանց առանձին-առանձին տանում էին Քանաքեռ հարցաքննության ու խուց վերադարձնում: Հարցաքննությունից վերադառնալով՝ Պետիկ Հայրապետը կռացավ և ոտաշորի փողքից մի երկար մատիտ հանելով' ասաց.

- Քննիչիս սեղանի վրայից թռցրեցի, բանտի դռանն էլ խուզարկեցին, չգտան: -

Ապա նա մատիտի փայտյա մասը վերից վար ճեղքեց, մատիտի միջուկը հանեց, կտորների բաժանելով' յուրաքանչյուրիս մի կտոր տվեց: Ամենամեծ կտորն ինձ տալով' ասաց.

- Դու գրող մարդ ես, քեզ մատիտ շատ պետք կգա:

Ես այդ անակնկալ նվերի համար շատ ուրախացա:

Երբ բաղնիքի հերթը մեզ հասավ, ես այդ մատիտով առաջինը եղբորս նամակ գրեցի և հարցրեցի.

«Դանչո, ո՞նց ես, ուտելիք տնից ստանո՞ւմ ես, ի՞նչ նորություն քո կյանքում»:

Մյուս բաղնիքին գրածիս տակը կարդացի.

«Շատ լավ եմ, ուտելիք ստանում եմ, պինդ կաց»:

Հոկտեմբերիը վերջանում էր, ես հաշվեցի' միայն մեր խցից 100 հոգու գնդակահարել էին: Թե որքան էին գնդակահարվել մյուս խցերից … Չէ, Խվորոստովը իր մարդասպան պլանները շատ լավ է կատարում:

◊◊◊

1 . Խորեն Ա Մուրադբեկյան (ավազանի անունը՝ Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան), Տփղիսեցի-Ամենայն Հայոց Կաթողիկոս (1932-1938): Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցին:

Ծնվել է 1873 թ. դեկտեմբերի 8-ին, Թիֆլիսում:

1892-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում:

1897-ին Ներսիսյան դպրոցում նշանակվել է երգի ուսուցիչ:

1901-ին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվի դեկտեմբերին՝ աբեղա, և նշանակվել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) եկեղեցիների բարեկարգիչ:

1902-ին ձեռնադրվել է վարդապետ: 1903-ի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձեռբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաք:

1905-ին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ: 1907-ի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների բարեկարգիչ:

1909-ի դեկտ. ձեռնադրվել է եպիսկոպոս: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և փախստականների օգնության գործը:

1917-ին նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է Հայոց Ազգային խորհուրդը: 1919-ին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով որպես հայրապետական պատվիրակ մեկնել է Փարիզ՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական ազգային երկու պատվիրակությունների միջև:

1920-ին Փարիզից մեկնել է Ամերիկա՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը: Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության և վերաշինության համար, ինչպես նաև կատարել Հյուսիսային Ամերիկայի հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արք. Տեր-Հովհաննիսյանի:

1920-ի դեկտեմբեր11-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության տիտղոս և պատիվ: 1923-ի մարտի 4-ին կարգվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահող: Այս պաշտոնում նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ:

Գևորգ Ե Սուրենյանցի մահից հետո, 1930–32-ին ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1932-ի նոյեմբերի 12-ին ընտրվել, իսկ 13-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս:

Նա պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու օգտին, հանդես եկել եկեղեցիները քանդելու և ոչ իրենց նպատակին օգտագործելու, խորհրդային իշխանությունների՝ հայ հոգևորականներին բռնությունների ենթարկելու քաղաքականության դեմ:

Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի նորոգման, Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով:

Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայությանը Հայ եկեղեցու շուրջ համախմբելու համար: Սփյուռքում կազմակերպել է Աստվածաշնչի հայկական թարգմանության1500-ամյակին նվիրված հանդիսություններ:

Պետանվտանգության ծպտյալ գործակալները 1938 թ. ապրիլի 6-ին Խորեն Ա Կաթողիկոսին խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում: Նրա մարմինն ամփոփվել է նախ Սբ. Գայանե եկեղեցու գավթում, ապա՝ 1996-ի սեպտեմբերին աճյունը տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարի բակը:

Կաթողիկոսական աթոռին նրան հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանը:

Նյութը պատրաստեց' Ք. Ա.-ն