Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 11-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում դռնփակ դատական նիստ էր: Նշված դատարան էին բերվել Դիլիջան քաղաքի բնակիչներ Մխիթար Բաղրամյանն ու Կարեն Հովհաննսիյանը: Ինչպես հայտնում է ֆտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժնի քննիչ Արթուր Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը և Մ. Բաղրամյանն ու Կ. Հովհաննիսյանը տեղափոխվեցին ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Այսօր՝ մայիսի 11-ին, դիլիջանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, որ երբ իմացան, որ դատարանը կալանավորել է նշված անձանց, զամրացան, քանի որ արդեն կալանքի վերցված անձանցից Մ. Բաղրամյանը Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանի մոտ ազգականն է: Ի դեպ՝ դիլիջանցիները պատմում էին նաև, որ խոշոր չափի ոսկյա և արծաթյա զարդերը գողանալուց օրեր անց նրանք այդ ոսկեղենը բերել և թողել էին տուժողի տան մոտ կայանված, տուժողին պատկանող Вилис-ի մեջ: Պարզապես նրանք գոհ էին Դիլիջանի ոստիկաններից, որ 3 տարի անց բացահայտվեցին իրական հանցագործություն կատարողները, հակառակ դեպքում տուժողները կարող էին կասկածել հարևանների վրա, բայց ոչ իրենց մոտ ազգականի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները օրերս բացահայտել էին 2011 թ.-ին տեղի ունեցած առանձնակի խոշոր չափի գողության դեպք: Դիլիջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանություն էին բերման ենթարկել Մխիթար Բաղրամյանին և Կարեն Հովհաննիսյանին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում էին 2011 թ. սեպտեմբերի 8-ին Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող Լիաննա Խալաֆյանի տանից մեծ քանակի ոսկյա և արծաթյա զարդեր գողանալու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Մ. Բաղրամյանը, Կարեն Հովհաննիսյանից տարիներ առաջ գնել էր «ВАЗ 21 06» մակնիշի ավտոմեքենա, որի չվճարած գումարը փակելու նպատակով 2011 –ի սեպտեմբերին նրան նյութապես շահագրգռելու միջոցով դրդել էր քեռակնոջ՝ Լիաննա Խալաֆյանի բնակարանից գողանալ ոսկյա և արծաթյա զարդերը: Մ. Բաղրամյանը նախապես հայտնել է, որ երկուշաբթիից շաբաթ՝ մինչև կեսօր, տանը ոչ ոք չի լինում և նրան տվել է բնակարան մտնելու սխեման՝ ինչպես նաև՝ հայտնել գողոնի տեղը: Ու արդեն սեպտեմբերի 8-ին Կ. Հովհաննիսյանը լուսամուտից ներս էր մտել Լ. Խալաֆյանի տուն և այնտեղից գողացել 10 կտոր ոսկյա զարդեր, 4 կանացի մատանիներ, 1 զույգ ականջօղ, 1 վզնոց, 2 թևնոց, 1 ժամացույց, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 987 800 դրամ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 38-րդ հոդվածի 4-րդ մասի (Հանցակիցների տեսակները, դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու՝ համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով) և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Քննիչ Արթուր Գևորգյանի կողմից նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել էին Ոստիկանության Դիլիջանի բաժնի ժամանակավոր պահման մեկուսարան: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մայիսի 11-ին քննիչ Ա. Գևորգյանը միջնորդությամբ պետք է դիմի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի 2-ամսյա կալանավորումը: Դիլիջանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել էին, որ միևնույն է՝ դատարանը չի կալանավորի առանձնապես խոշոր չափի գողություն կատարողին ու դրդիչին, իսկ քննչական մարմինն էլ գործը կկարճի՝ կիրառելով տարիներ առաջ ՀՀ նախագահի կողմից համաներման մասին օրենքը, քանի որ Մ. Բաղրամյանը Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանի մոտ ազգականն է: Դիլիջանցիները հարց էին ուղղում նաև՝ ինչ է՞, ոստիկանությունն ու դատարանը գժվե՞լ են դատախազին դեմ գնան: