Ընթացիկ տարվա փետրվարի 18-ին Բրյուսելի օդանավակայանում ինքնաթիռից կատարված ադամանդի խոշոր խմբաքանակի գողության գործում ի հայտ են գալիս առաջին մանրամասները:

Ինչպես հաղորդում են բելգիական ԶԼՄ-ները, թալանչիները սխալվել են իրենց պլանների մեջ: Նրանք հաշվարկել էին գողանալ կանխիկ դրամ, սակայն շատ են զարմացել, երբ հայտնաբերել են, որ իրենց գողոնը ոչ թե պետական թղթե վճարամիջոց, այլ' փայլփլուն ադամանդների մի բլուր է' ավելի քան 37 մլն եվրո ընդհանուր արժեքով:

Այս փաստը, սակայն, թալանչիներին չի ոգևորել: Նրանք պատրաստ չէին շուկայում իրացնելու այդ քանակությամբ թանկարժեք քարեր:

Բանն այն է, որ գողացված թանկարժեք քարերով զբաղվելը հատուկ մասնագիտացված հանցագործ խմբավորումների մենաշնորհն է, որոնք իրենց գործերը ծավալում են լավ համակարգված, կանոնակարգված և խիստ փակ ցանցի շրջանակներում: Այս ներփակվածության ցանկացած խախտում հղի է տեղեկատվության արտահոսքի վտանգով:

Քննիչները համոզված են, որ հենց գողոնի յուրահատուկ բնույթն էլ պատճառ է հանդիսացել թալանչիներին բացահայտելու հարցում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը: Ոստիկանությունում խոստովանել են, որ եթե խոսքն ընթանար դրամի մասին, ապա հանցագործներին իրենք դեռ այսօր գտած չէին լինի:

Մայիս ամսվա անցած ժամանակահատվածում ինքնաթիռի կողոպուտին մասնակցելու կասկածանքով ձերբակալվեց 24 մարդ: Նրանցից 8-ն այսօր մեկուսարանում է: Եկող շաբաթ նախատեսվում է անցկացնել առաջին դատական լսումները, սակայն, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այդ ձերբակալվածների դերակատարությունը ինքնաթիռի գողության գործում դեռ չի հստակեցվել: