Այսօր «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը հրավիրվել էր ԿԸՀ՝ ժամը 18:00-ին գումարվող նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի նախատեսվում էր «Բարեւ Երեւան» դաշինքի երեկ ներկայացրած 2013թ. մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննարկում:

Լուսինե Պետրոսյանը գրավոր խնդրել է դիմումի քննարկումը կազմակերպել վաղը, 15:00-ից հետո, քանի որ շուրջ 1500 էջ նյութ է համակարգվում եւ ֆիզիկապես այդ աշխատանքը ավելի վաղ ավարտել հնարավոր չէ: Համակարգված խախտումները ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի վաղը մինչեւ օրվա երկրորդ կեսը կներկայացվի ԿԸՀ եւ կտարածվի լրատվամիջոցներին, որից հետո ԿԸՀ նիստին ներկայացվեն խախտումների վերաբերյալ փաստական աղբյուրները:

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքից Երեւանի ավագանու թեկնածու Դանիել Իոաննիսյանի դիմումը 2013թ. մայիսի 5-ի ընտրությունը անվավեր ճանաչելու մասին կքննարկվի այսօր, 18:00-ին գումարվող նիստում: Իոաննիսյանը ԿԸՀ կներկայացնի ապացույցներ, ԶԼՄ-ների՝ ընտրախախտումների մասին վկայող թվով մի քանի հարյուր հրապարակում և շուրջ հարյուր տեսանյութ:

Ակնկալում են լրատվամիջոցների ակտիվ մասնակցությունը:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայություն