Գյումրիում արդեն տեւական ժամանակ եւ հրապարակայնորեն մեղմ ասած թալանում են մեզ՝ հարկատուներիս... Մեծաթիվ ոստիկանների, ԱԱԾ-ից գործուղված մարզպետի ու բազմաթիվ գյումրեցիների աչքի առաջ գրպանվում են հարկատուների փողերը կամ ավելի կոնկրետ, ամեն օր բոլորի աչքի առաջ տաք ասֆալտի տեսքով բառի ուղիղ իմաստով ջուրն են լցվում:

Օրեր առաջ, երբ ԳԱԼԱ-ն հրապարակեց կադրեր, թե ինչպես են երկնքից տեղացող անձրևի տակ տաք ասֆալտ լցնում ջրափոսերի մեջ, աղմուկ բարձրացավ: Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի լրատվության վարչության աշխատակիցները անմիջապես ահազանգեցին, շնորհակալություն հայտնեցին իրազեկման համար, այնուհետև երկուստեք վստահեցրին, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը արտահերթ խորհրդակցություններ են գումարել, որոշել են նկատողություն տալ անբարեխիղճ շինարարներին, խոստանում են կրկնվելու դեպքում պատժել և այլն:

Որպես երաշխիք՝ տեսախցիկների առաջ դարձյալ քանդեցին նաև ջրափոսերի մեջ լցված ասֆալտը:

Օրեր անց դարձյալ նույնը կրկնվեց: Այս անգամ մեր տևական բարձրաձայնումները մատնվեցին անուշադրության:

Արդեն ամիսներ շարունակ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրու փողոցները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են: Այն, որ չկա կենտրոնական մի փողոց, որը քանդված չլինի առնվազն 50 տոկոսով, սա փաստ է: Բայց գյումրեցիներին բացատրեցին, որ քաղաքային բյուջեն դատարկ է, թալանված, և հիմա ժամանակ է պետք աղքատիկ բյուջեից գումարներ հատկացնելու և դրանք մասնակի վերանորոգելու համար: Համբերատար դժգոհելով, բողոքելով ու տրտնջալով, բայց ըմբռնումով արդեն երկար ժամանակ դիմանում ենք, փորձում հասկանալ, որ սուղ միջոցներով փորձ է արվում անել առավելագույնը: Սակայն անտարբեր մնալ ու անվրդով հետևել, թե ինչպես են այդ սուղ գումարները տաք ասֆալտի տեսքով լցվում ջրափոսի մեջ, կներեք, այլևս հնարավոր չէ:

Սա կոչվում է մասսայական թալան, գրպանահատություն, և ո՞վ պետք է պատժի հանցագործին, ո՞վ պետք է բռնի գողի ձեռքը, ով այդքան հմտորեն յուրացնում է մեր՝ հարկատուներիս միջոցներով ձևավորված դատարկ բյուջեն:

Ենթադրությունր երկուսն է՝ կամ տեղի իշխանությունները ի զորու չեն զսպել, կանխել և արգելել տեղի ունեցող մասսայական թալանը, կամ իրենք էլ զբաղված են իմիտացիոն բնույթի գործողություններ անելով:

Երևույթը գուցեև շատ գյումրեցիների համար սովորական է, տարիներ շարունակ այս ձեռագրով են գործել և նույնպիսի հմտությամբ թալանել ու հափշտակել են Գյումրու քաղաքային նախկին իշխանությունները՝ նույնպիսի թողտվությամբ, կենտրոնական իշխանությունների և իրավապահների աչքի առաջ, և նրանց լուռ համաձայնությամբ... և հիմա գործում են նույն ոճով, նույն ձեռագրով և «ապահով թալանի» նոր որակով:

Քրիստինա Մկրտչյան