Այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում անհայտ կորած 18-ամյա երիտասարդի մասին մի հայտարարություն տարածվեց, որում ասվում է.

«Խնդրում ենք ՇՏԱՊ տարածել:
Անհայտ կորել է 18 տարեկան երիտասարդ՝ Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանող Արմեն Մուրադյանը: Դուրս է եկել տնից 11.05.2013-ի առավոտյան և մինչ այժմ տեղեկություններ չկան նրա մասին: Վերջին անգամ նրան տեսել են Շրջանայինում՝ նույն օրը առավոտյան 10-ի սահմաններում: Խնդրում ենք բոլոր տեղեկություն ունեցողներին կամ տեսնողներին արձագանքել»:

Aysor.am-ը կապվեց անհայտ կորած երիտասարդի ընկերներից Տիգրան Հայրապետյանի հետ, ով պատմեց դեպքի մանրամասները.

«Մայիսի 10-ին' ուրբաթ օրը երեկոյան, Արմենը գնացել է ավտոշուկա ու իր մեքենան կանգնեցնել է վաճառքի: Ուզում եմ միանգամից ասեմ, որ ինքը ֆինանսական խնդիրներ չի ունեցել ու մեքենան էլ վաճառում էր միայն այն բանի համար, որ ավելի լավը գնի: Հաջորդ օրը' մայիսի 11-ին առավոտյան, Արմենը դուրս է գալիս տնից, որ գնա ավտոշուկա ու տեր կանգնի մեքենային: Նրա գնալուց մեկ ժամ անց տնեցիները նկատում են, որ մեքենայի բանալիները տանն է թողել: Միանգամից զանգում են, որ իզուր չգնա հասնի ավտոշուկա, ու այդ պահից արդեն Արմենն անհասանելի էր»,- պատմեց Տիգրան Հայրապետյանը:

Հայրապետյանը նշեց, որ Արմենը տնից դուրս գալուց հետո նստել է տաքսի: Երիտասարդի ընկերներին հաջողվել է գտնել մեքենայի վարորդին.

«Մենք փողոցի խանութներից տեսագրություններ խնդրեցինք ու տեսանք, թե Արմենը որ տաքսին է նստում: Գտանք տաքսիստին, ով մեզ ասաց, որ Արմենին իր խնդրանքով տարել է Երիտասարդական մետրոյի մոտ' Շրջանային: Դա վերջին տեղն է, ուր նրան տեսել են: Եթե Արմենը ինչ որ խնդիրներ ունենար, մի բան հաստատ է' ընկերներն ու ավագ եղբայրը կիմանային: Բայց նա ոչ մեկին ոչ մի նման բան չի պատմել: Հետո 24 ժամ անց, երբ ոստիկանությունը սկսեց զբաղվել գործով, հաջողվեց գտնել նրա հեռախոսի սիմ- քարտը, որը Ոսկու շուկայի մոտ գցած էր: Հիմա այդ քարտն են փորձաքննության ենթարկում մի բան գտնելու հույսով: Ամեն տեղ փնտրել ենք: Երիտասարդ տղա է, ակումբների, փաբերի, անգամ խաղատների տեսագրություններն ենք նայել»,- պատմեց Տիգրան Հայրապետյանը:

Aysor.am-ը հրապարակում է անհայտ կորած 18-ամյա Արմեն Մուրադյանի լուսանկարները: Արմենի հարազատները խնդրում են բոլոր նրանց ովքեր ինչ-որ տեղեկատվություն ունեն երիտասարդի գտնվելու վայրի մասին' արձագանքեն: