Արամ Գրիգորյանն ունի տեսողական խնդիրներ (երկրորդային կատարակտ) և 2009թ. (մինչ զորակոչային տարիքը) բուժման նպատակով մեկնել է արտերկիր: Երիտասարդի մոր հավաստմամբ, որդու՝ արտերկրում բուժում ստանալու ընթացքում, ինքը դիմում է ներկայացրել տարածքային զինվորական կոմիսարիատ և հայտնել այդ մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ Ա. Գրիգորյանը համապատասխան բուժումն ավարտվելուց հետո կներկայանա տարածքային զինվորական կոմիսարիատ:

Նախաքննական մարմինը, սակայն, հաշվի չառնելով այդ հանգամանքը, Ա. Գրիգորյանի նկատմամբ առաջադրել է մեղադրանք՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար՝ առանց վերջինիս կամ նրա հարազատներին տեղեկացնելու, և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ երիտասարդը Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո կալանավորվել է:

Այս առիթով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել Ա. Գրիգորյանի փաստաբանը՝ խնդրելով Պաշտպանի միջնորդությունն այս հարցում: Պաշտպանին ուղղված դիմումում նա նշել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը զանգվածային լրատվական միջոցներով հայտարարություն է տարածել այն մասին, որ հարուցված քրեական գործերը ենթակա են կարճման, քրեական հետապնդումը դադարեցման, իսկ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացման, եթե պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող անձինք պատրաստակամություն հայտնեն ծառայել ՀՀ զինված ուժերում, մինչդեռ Արամ Գրիգորյանը նախաքննական մարմնին հայտնել է, որ պատրաստ է ծառայել ՀՀ զինված ուժերում, եթե ճանաչվի պիտանի զինվորական ծառայության համար:

Դիմումը քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից և ՀՀ գլխավոր դատախազություն համապատասխան գրություն ուղարկվել: Արդյունքում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարը հայտնել է, որ Ա. Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը քրեական գործով դատավարական ղեկավարումն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է: