«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով' բնական գազի մատակարարման սակագները վերանայելու հարցով:

Այս առիթով ԳԱԼԱ-ն զրուցեց երևանաբնակների հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպես են ընդունում գազի գինը թանկացնելու նախաձեռնությունը, ինչպես են պատրաստվում դիմակայել դրան: Քաղաքացիներից ոմանք, տարված առօրյա հոգսերով, նույնիսկ տեղյակ չէին այդ մասին: Բայց իմանալուն պես՝ նրանց խիստ դժգոհությանն էինք հանդիպում: «Ոնց պիտի ընդունեմ, երբ աշխատավարձս 10000 դրամ է: Էդ կոմունալները սպանում են լրիվ»,- ասաց միջին տարիքի մի կին, ով չցանկացավ ներկայանալ:

«Եթե բարձրանա գազի գինը, ստիպված պետք է ուղեվարձն էլ թանկացնենք: Իսկ թանկացնելն ինչքանով կարդարացնի իրեն, ժողովուրդը ինչ ձևով կընդունի էդ ամեն ինչը, կարող են օգտվել մեր ծառայություններից, թե ոչ, կյանքը ցույց կտա: Էսօրվա պայմաններում, գազի գինը հաշվի առնելով, մենք մի կերպ ենք տեղավորվում: Ուղղակի շատ վաղուց ա էս գինը գնում, դրա համար էլ չենք կարողանում ձեռ տանք: Իսկ եթե մի փոքր տատանում եղավ՝ էն, ինչ սպասվում ա մեզ՝ գազի թանկացում, բնականաբար կխառնվի իրար տրանսպորտի հետ կապված ամբողջ համակարգը»,- ասաց տաքսու վարորդ Վանիկ Առաքելյանը: Նա չբացառեց, որ գազի թանկացման դեպքում հնարավոր է չկարողանան այլևս աշխատել, հրաժարվեն աշխատանքից՝ «ընդհուպ այս երկրի դռները փակելը, թողնել-հեռանալը»:

«Մենք ի՞նչ կարող ենք անել: Դա ղեկավարությունը պետք է անի: Եթե լիդեր ունենամ, ես առաջինը կկանգնեմ, բայց եթե չունենամ, ես ինձնով շատ փոքր մարդ եմ»,- ասաց երեւանաբնակ Արթուր Մանուկյանը: Թոշակառու Սրբուհի Սողոյանն էլ, ով միայնակ է ապրում ու օրվա հացի փող վաստակում է արևածաղիկ վաճառելով, ասաց, որ ստիպված կլինի սոված նստել ու մուծումներն անել միայն: Մեր զրուցակիցներից թոշակառու, կրկեսային ժանրի դերասան Վլադիմիր Հակոբյանն էլ հույսը կապում է փողոց դուրս գալու ու բողոքի միջոցով թանկացումը կանխելու հետ:

Արմինե Վարդանյան