Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Դավիթաշեն երկրորդ թաղամաս 46 շենք հասցեի հարեւանությամբ գտնվող բազմաբնակարան նորակառույց շենքը «Տոնուս» ՍՊԸ-ն որպես գրավ հանձնել էր «Արցախ» բանկին՝ սնանկ հայտարարվելու պատճառով: Շենքում բնակարան ձեռք բերած սեփականատերերը մինչ վերջին պահը չէին իմացել այդ մասին, այժմ էլ քայլեր են ձեռնարկում՝ տարիների քրտինքով ձեռք բերված բնակարանները ստանալու համար:

Սեփականատերերից Անուշ Թունյանը Shamshyan.com-ի հետ զրույցում հայտնեց, որ նախնական պայմանագրով շենքին բնակիչ է համարվում 2007թ-ից. «Բնակարանի գինը վճարել եմ 100 տոկոսով: Հույս ենք ունեցել, որ մի քիչ էլ համբերելու դեպքում պայմանագիրը կլինի, բայց պարզվում է, որ ընկերությունը սնակն է, ես էլ այստեղ բնական չունեմ: Ես չգիտեմ ով է «Արցախ» բանկը, անգամ պայմանագիր չունեմ հետը: «Տոնուսի» ղեկավարությանը չենք կարողանում գտնել:

Ասում են՝ համբերեք, մի շաբաթ կամ մի քանի օր հետո պարզ կլինի: Մարդիկ եկել են այն եզրահանգման, որ իրենց կարող են ասել՝ բնակարան չունես, իսկ պայմանագիրն էլ չեղյալ հայտարարվի»: Տիկին Թունյանն ասաց, որ նախնական պայմանագրեր ունեն բոլոր սեփականատերերը: «Մեր բնակարանները մեզ հանձնելու համար երկու ամսվա ներքին հարմարման աշխատանք էր մնացել… Բնակիչները չեն հրաժարվում շարունակել վճարել մնացած փոքր գումարը: Ինչո՞ւ շուտ տեղյակ չեն պահել սնանկության մասին»,-ասում է մեր զրուցակիցը: