Galatv.am. Այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր ՀԺԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։ Նա մամլո ասուլիսի ժամանակ ասել է.

«Երկիրը շարունակում է գտնվել սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական համակարգային ճգնաժամի մեջ, իսկապես երկրում գաղջ մթնոլորտ է, եւ այս պայմաններում նշանակվում է այն կառավարությունը, որի օրոք աճել է աղքատությունը, գործազրկությունը»,- ասել է նա։

Դեմիրճյանի պնդմամբ թեւվ իշխանությունը Կառավարության կազմում չգնալով լուրջ փոփոխությունների՝ հիմնավորեց, թե գործադիր մարմինը ապահովել է 7 տոկոսի աճ, իրականում որեւէ մեկը չի տեսնում այդ առաջընթացը: «Շարունակում է աճել արտագաղթը, ավելի քան 200 հազար մարդ լքել է Հայաստանը, որեւէ առաջխաղացում չկա։ Երկիրը լրջագույն մարտահրավերների առջեւ է կանգնած, առաջին հերթին պետք է փոխել այս գաղջ մթնոլորտը, բարոյահոգեբանական մթնոլորտը, դրա համար պետք է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, որ ժողովուրդը ձեւավորի իշխանությունը»:

ՀԺԿ առաջնորդը արձանագրել է հերթական աղետալի ընտրությունների փաստը: Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ տխուր է, որ ՀԺԿ-ն չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին'ընդգծելով, որ ընդդիմությունը պետք է ընտրություններին մասնակցեր մեկ միասնական ցուցակով, ինչը, ցավոք, չեղավ:

Պատասխանելով ընդդիմության պառակտմանը վերաբերող հարցին' պարոն Դեմիրճյանը նշել է, որ ամեն ինչ չպետք է բարդել ընդդիմության վրա: Ընդդիմությունը կարող է ունենալ սխալներ, թերություններ, իսկ երկրի խնդիրների գլխավոր պատասխանատուն իշխանությունն է:

Տաթև Ֆռանգյան