Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել մայիսի 14-ին արձանագրված ծանր հետևանքներով Ճանապարհատրանսպորտային պատահարի վերլուծության արդյունքներին նվիրված արտահերթ խորհրդակցություն, որը վարում էր Արմեն Երիցյանը:

Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց մայիսի 15-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին.

«Ես միշտ ասել եմ, որ ունենք հերոս տղաներ, ովքեր միշտ կանգնում են քաղաքացու կողքին: Երեկ էլ նրանք բարեխղճորեն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը: Հրշեջ-փրկարարները, չխնայելով իրենց կյանքը, հասնում են քաքղաքացիներին օգնության: Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, կան որոշ բացթողումներ, որոնցից պետք է ճիշտ հետեւթյուններ անել՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք բարի գործ ենք անում եւ դա պետք է միասին անենք՝ մեկ թիմով: Լավագույնները կխրախուսվեն, իսկ կարգ ու կանոնին չհետեւվողները համապատասխան պատժի կենթարկվեն: Յուրաքանչյուրը պետք է իր առջեւ դրված խնդիրները կատարի», - ասել է Արմեն Երիցյանը:

Խորհրդակցության ընթացքում Ա. Երիցյանը երեք աշխատակիցների հեռացրեց համակարգից, հայտարարեց պաշտոնին անհամապատասխանություն, խիստ նկատողություն ու զգուշացում Փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներին: Նպատակը՝ նախարարության աշխատակազմում կարգ ու կանոնի պահպանումն է, իսկ ամենապատասխանատու պաշտոնները պետք է զբաղեցնեն միայն իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող անձինք: Այդ ամենը կնպաստի ԱԻ նախարարության աշխատանքի արդյունավետության էլ ավելի բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը: