Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտոմեքենայի առևանգման և ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 67 շենքի բնակիչ, 40-ամյա Վաղինակ Մկրտչյանը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 1 հիմնական դպրոցի մոտից անհայտ անձը կամ անձինք առևանգել են իր վարած Ford Transit մակնիշի 35 ՏD 254 համարանիշի ավտոմեքենան։ Ֆոտոլրագողը հայտնում է, որ ահազանգից անմիջապես հետո նշված ավտոմեքենան հայտնաբերելու համար ոստիկանությունը հայտարարում է ավտոհետախուզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Էջմիածին-Աշտարակ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում տեղի է ունեցել ավտովթար, կա վիրավոր և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՃՈ-ից օգնություն են խնդրում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից և կարճ ժամանակում վթարի վայր են ժամանում Վաղարշապատի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ 1 վիրավորին տեղափոխում են Վաղարշապատի հիվանդանոց։ Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզվում, է, որ Շահումյան գյուղի տարածքում բախվել են անհայտ անձի կամ անձանց կողմից առևանգված Ford Transit-ն ու Ամբերդ գյուղի բնակիչ 18-ամյա Քրիստափոր Հովակիմյանի վարած Mercedes-Benz մակնիշի 25 ՍՏ 394 համարանիշի ավտոմեքենաները, որից հետո Ford Transit-ի վարորդը դիմել էր փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ։