Haynews.am. ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը եւս հարց ուներ վարչապետ Տիգրան Սարգսյանին։
Նա նշեց. «Դուք շփոթեցնում եք' ասելով, որ Հայաստանը ստանում է ամենաէժան գազը: Ես կարծում եմ, որ առաջարկվող 221 հազար գինը դուք կիջացնեք, իհարկե: Ինձ հետաքրքիր չէ սահմանային գինը, հետաքրքրում է վերջնական գինը: Եթե ՀՀ կառավարությունը չխառնվի գազի գնի գոյացմանը, գազի գինը կէժանանա»:

Վարչապետը նշեց. «Մեր տկար ունակությունները պատրաստ ենք լրացնել ձեր օժանդակությամբ: Մեր մասնագետները մանրակրկիտ կներկայացներ ձեզ հաշվետվություն, թե ինչպես է գոյանում գինը: Եթե դուք այնտեղ կբացահայտեք բացթողումներ, հանձնաժողովը (հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-խմբ.) պարտավոր է հաշվի առնել դրանք: Մեր միջամտությունը եղել է միայն սահմանի վրա գազի գնի վերաբերյալ: Այս պահին ամենաէժան գինը Ռուսաստանից ստանում է Բելառուսը, մեր բանակցությունների հիմքում հենց այս հանգամանքն է: Դրանց հիմքում այն է, որ չեն կարող ավելի էժան գին առաջարկել, քան այն, որով վաճառվում է Բելառուսին: Այսօր մենք բանակցում ենք' գտնելու մեխանիզմներ, թե ինչպես կարող է Հայաստանը աջակցություն ստանալ, որպեսզի արտահանման համար նախատեսվող 30 տոկոս տուրքը չգործի: Հենց բանակցություններն ավարտվեն, կտեղեկացնենք: Ներքին սպառման վերաբերյալ' դա կառավարության որոշելու խնդիրը չէ: Մենք կարող ենք մասնակցել քննարկումներին։ Ինչ վերաբերում է 96 տոկոս գազիֆիկացմանը, դա վատ չէ, քանի որ գազի գնի ինքնարժեքի վրա ազդեցություն է ունենում սպառվող գազի գնի ծավալները: Եթե ծավալները ավելացվում է, ուրեմն գինը նվազում է»:

Բագրատյանը շարունակեց. «Ուղղորդելով գազի գինը սահմանին՝ դուք մեզ շփոթության մեջ եք գցում: Եթե փորձեիք հանրապետության որևէ բնակավայր, ասենք, Երևանը ձևակերպել որպես կոոպերացիա, որի արդյունքում, անկախ ամեն ինչից, 30 տոկոս կէժանանա գազի գինը»:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Մեզ առաջարկվել է 189 դոլար, որն, ըստ ՌԴ «Գազպրոմ» ընկերության, ամենաէժան գինն է, որ որևէ պետության առաջարկում են, դա փաստ է: Ինչ վերաբերում է բնակչության համար բնական գնի սակագներին, կան երկրներ, որտեղ այդ գինը ցածր է, սակայն կան նաև այնպիսիք, որտեղ ավելին է' Մոլդովա, Իռլանդիա, Իսպանիա, Անգլիա և այլն: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ տիրապետում ենք այն տեղեկատվությանը, թե որ երկրում սպառողին գազն ինչ գնով է հասնում: Ինչ վերաբերում է գազի՝ սպառողների կոոպերացիա ստեղծելուն, ես կհանձնարարեմ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, որպեսզի ձեզ հետ այդ հարցը քննարկեն»:

HayNews.am