ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 20-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները, իրավիճակի գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման ուղղված տարբերակները, ինչպես նաև հստակեցրին ապագա աշխատանքների մասին պատկերացումները:

Նախարարը մեկ անգամ ևս ընդգծեց «Հյուսիս-հարավ»-ի՝ սահմանված ժամկետում աշխատանքների կատարման բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը, արդյունավետ գնահատեց ԱԶԲ-ի կատարած ուսումնասիրության արդյունքներն ու իրավիճակի գնահատականի մասին եզրակացությունը, ինչն էլ կարող է ապահովել ծրագրի առաջընթացը:

Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց ԱԶԲ-ին համագործակցության համար, հույս հայտնեց, որ ծրագրի շրջանակներում հետագա աշխատանքները կունենան բարեհաջող ընթացք: