Lragir.am. Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում: Սպանված զինծառայողի ծնողները ուզում էին իրենց որդու դին բերել Երեւան եւ բողոք անել կառավարության շենքի դիմաց: Այդ երեւույթը շատերը հռչակել են հայկական մշակույթին, քրիստոնեական մշակույթին խորթ: Գույցե շուտով նաեւ հատուկ մշակութաբանական դասընթացներ կազմակերպվեն սպանված զինվորների հարազատների համար, որպեսզի նրանք անգամ ամենածանր վշտի պահին, արհամարհվածության ամենածանր զգացման պահին անգամ չմոռանան մշակութային կանոնների մասին:
Շատերն էլ համոզված են, որ ոմանք օգտվել են ծնողների վշտից եւ նրանց ուղղորդել են, հրահրել են բողոքի այդպիսի ծանր դրսեւորման, փորձելով դրանից քաղել քաղաքական օգուտ:
Գուցե: Հայաստանում, որտեղ բոլոր մակարդակներում խոցելիությունը հասել է գերբարձր աստիճանի, հնարավոր է ամեն ինչ:
Բայց, եթե որեւէ մեկը ուղղորդել է վշտի մեջ գտնվող ծնողին, հրահրել նրան դիմել ինչ որ քայլի, ապա դա միմիայն այն պատճառով, որ թերացել է իշխանությունը, տվյալ դեպքում պաշտպանական գերատեսչությունը:
Երբ բանակում զինվոր է մահանում, ընդ որում կարեւոր չէ՝ խաղաղ պայմաններում, թե թշնամու կրակից, ինչ ուշադրություն է ցուցաբերում պետությունը, պաշտպանության նախարարությունն այդ զոհի հարազատների, ընտանիքի հանդեպ: Արդյոք գտնվում են հարազատների կողքին, արդյոք փորձում են նրանց հոգեբանական աջակցություն ցուցաբերել, նյութական աջակցություն ցուցաբերել: Թե՞ փողերը բավականացնում են միայն գեներալների թանկարժեք մեքենաների եւ դղյակների համար:
Եթե սեւանցի զինծառայողի ծնողներին որեւէ մեկը քաղաքական նպատակով հրահրել է, ապա դա միայն այն պատճառով, որ պաշտպանության նախարարությունը նպատակով, թե աննպատակ, անտարբերության է մատնել այդ ընտանիքը, չի փորձել լինել նրանց կողքին այնպես, ինչպես ստիպված էր արդեն հուսահատ բողոքից հետո:
Ընդհանրապես, սեւանյան դրաման ի ցույց է դնում կարեւորագույն մի բացթողում, որ առկա է Հայաստանի պետական կառավարման համակարգում: Այդ համակարգում չգիտեն կամ չեն ուզում մարդու հետ աշխատել: Այդ համակարգում երեւի մտածում են, որ մարդուն, քաղաքացուն միայն փող է պետք եւ եթե նրան փող չես տալու, ուրեմն նրա հետ աշխատելու կարիք չկա, նրան հոգեբանորեն զորակցելու կարիք չկա, նրա առաջ բարոյական պատասխանատվություն ստանձնելու կարիք չկա:
Բավական է միայն արձանագրել, թե պետությունն ինչպես է վարվում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող մայրերի հետ: Նրանցից ձանձրացել են: Չգիտես ինչու, իրենց պաշտոններից չեն ձանձրանում եւ չեն ուզում կորցնել, իսկ ահա իրենց որդիները կորցրած մայրերից ձանձրացել են: Այդ մայրերի հանդեպ արհամարհանք է ու անտարբերություն: Մինչդեռ նրանց նաեւ հենց այդ է բողոքի հանում, որովհետեւ նրանց որդիներին պետությունը տարել է բանակ, սպանված հետ բերել եւ դեռ չի էլ ուզում բարոյական, հոգեբանական պատասխանատվություն ստանձնել հարազատների առաջ, հոգատարություն, ուշադրություն ցուցաբերել նրանց նկատմամբ:
Պետական կառավարման համակարգի որեւէ մակարդակում բարոյականությունը գործունեության հենասյուներից չէ, արժեքային հիմքերից չէ:
Ինչո՞ւ են մի քանի օր շարունակ բողոքում Արմավիրի գյուղացիները, ճանապարհ փակում: Որովհետեւ որեւէ մեկը նրանց հետ չի հաղորդակցվում որպես անձնական ողբերգություն ապրող մարդու, որեւէ մեկը չի փորձում հասկանալ նրանց մտահոգությունը մարդկայնորեն, չի փորձում թեկուզ իր նյարդերի հաշվին համբերատար շփվել նրանց հետ եւ բացատրել իրավիճակը, փորձել նրանց կողքին լինել անընդհատ, մինչեւ կլինեն օգնության նյութական տարբերակները:
Փոխարենը, կարող են ասել, որ ինչ որ մեկը նաեւ գյուղացիներին է հրահրում: Այդպես ավելի հեշտ է, այդպես ավելի ապահով է: Ամեն անգամ գյուղացիների ցույցից հետո մարզ են շտապում նախարարներ, մինչդեռ կառավարությունը պետք է կարկուտից տուժած տեղերում մտական ներկայացուցչություն սահմաներ, գյուղացիների հետ հաղորդակցության, անընդհատ շփումների համար, մինչեւ որ Երեւանում կգտնվեր աջակցության, փոխհատուցման օպտիմալ մեխանիզմ:
Բարոյականության, արժեքների, մարդասիրության ճգնաժամը Հայաստանի իշխանության շրջանակում առավել մեծ ու ծանր է, քան ֆինանսականը: Ֆինանսականը կարելի է լրացնել գոնե փոքր ու միջին բիզնեսի հանդեպ հարկային ռեկետով, իսկ ահա բարոյականը, արժեքայինը, մարդասիրականը որեւէ ռեկետով չես համալրի՝ այն կամ կա, կամ չկա:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ