Կամայական եւ անհիմն կրճատումներ ու վախի մթնոլորտ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչությունում...

Նման դժգոհություններ ԳԱԼԱ-ն ստացել է արդեն կրճատված աշխատակիցներից:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, մայիսի սկզբին Գյումրու հարկային կառույցից ազատվել է 8-9 աշխատակից՝ ընդ որում մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց մասնագիտական որակներով, ոմանք բարձր պաշտոններ են զբաղեցրել, ժամանակ առ ժամանակ պարգեւատրվել եւ այլն:

Օրինակ՝ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության Տեղեկատվության վերլուծության բաժնի արդեն նախկին աշխատակից Արսեն Գեւորգյանը հայտարարում է, որ իր նկատմամբ թույլ է տրվել կամայականություն եւ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը, ով, ի դեպ՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան է, ապօրինի որոշում է կայացրել՝ նրան հեռացնելով աշխատանքից:

Արսեն Գեւորգյանը 16 տարի շարունակ աշխատել է համակարգում, որպես լավագույն մասնագետ՝ մի քանի անգամ պարգեւատրվել է, եղել են նաեւ պաշտոնի բարձրացումներ, իսկ վերջին անգամ՝ աշխատանքից հեռացվելուց 2-3 ամիս առաջ, որպես լավագույն աշխատակից՝ երրորդ դասի խորհրդականի կոչում է ստացել, որից հետո հեռացվել է աշխատանքից: Նա հայտարարում է նաեւ, որ իր՝ աշխատանքից հեռացվելու պատճառը ոչ թե մասնագիտական կարողություններով ու հմտություններով է պայմանավորված, ոչ էլ՝ օպտիմալացմամբ կամ կառույցների միավորմամբ, այլ մարդկային գործոնով:

«Երեք երեխա ունեմ, մեծս դիպլոմը փայլուն պաշտպանել է, մյուսն այս տարի պետք է ընդունվի, ես իրենց ո՞նց պետք է պահեմ: Ծնողներ ունեմ թոշակառու: Յոթ հոգանոց ընտանիքին դու ինչպե՞ս ես զրկում կերակրողից քո քմահաճույքի համար: Ի՞նչ է, ես քո դուրը չե՞մ գա, «պախոդկե՞ս» դուրդ չի գա, կամ ընկերուհո՞ւդ հետ լավ չեմ վարվել, որ դու ինձ գցել ես սեւ ցուցակի մեջ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արսեն Գեւորգյանը:

Արդեն նախկին աշխատակիցը պնդում է, որ հարկայինում վախի մթնոլորտ է տիրում, որ շարունակ ոտնահարվել են կառույցի աշխատողի իրավունքները, եւ տարիներ շարունակ մարդիկ միայն լռել ու համակերպվել են, որովհետեւ վախեցել են աշխատանք կորցնելուց:

Թեև ժամանակ առ ժամանակ ինչպես իրեն, այնպես էլ կառույցի այլ աշխատակիցների որոշ ժամանակով կրճատել, հետո նորից աշխատանքի են հրավիրել, հատկապես երբ պետերի փոփոխություն է եղել կառույցում: Նորը նախորդի կադրին է հեռացրել, մյուսը դարձյալ հետ ընդունել եւ այսպես շարունակ:

«Զիլֆիմյանից հետո՝ 2007-2008-ին էր՝ երեւանյան պետերի շարանը եկավ, շատ դժվար էր արդեն համակարգ մտնելը՝ երկու քննություն ու բանավոր հարցազրույց: Բայց ես անցա Երոյանի օրոք: Երոյանից հետո՝ Մաշադյան Ռաֆիկի օրոք, «դաբրո» պիտի ստանաս մրցույթի մասնակցելու համար: Բայց Մաշադյանը այնպես գնահատեց իմ աշխատանքը, որ երկու անգամ մենակ «պերսոնալնի պրեմյա» եմ ստացել»:

Արսեն Գեւորգյանը պատմեց, որ եւս երկու պետերի օրոք նա, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, աշխատել է Գյումրու հարկային կառույցում: Ներկայիս պետի՝ Հրանտ Կարապետյանի հետ

էլ շուրջ երկու տարի է աշխատել:

«8 ամիս առաջ սկսվեց զանգեր գործընկերոջս, ինձ չէր զանգում, միայն իրա միջոցով փոխանցում էր՝ «Արսենը էս բանը չգիտի՞, իրան փոխանցի՝ թող «վեշերը» հավաքի գնա եւ այլն եւ այլն»: Էսպես «ուգրոզաներ, ուգրոզաներ», ի՞նչն էր պատճառը. ես մի ենթադրություն ունեմ՝ ինքը սիրուհի ունի մեր հիմնարկի մեջ: Բերեց հաստիք իջեցրեց եւ այլն, եւ այլն: Էս աղջիկը... ես չեմ սիրում էդ կարգի վարքի մարդկանց, մի անգամ մի քիչ «չոր» պատասխանել եմ: Կողքից ինձ ասում են՝ «որ այդ օրը իրան ջան ու ղուրբան էնեիր, մի հատ էլ պլիտկա բերեիր՝ հո հիմա բաժնի պետ կլինեիր»: Ես իմ ազատումը մենակ նրա հետ եմ կապում»:

Հարկայինի նախկին աշխատակիցը պատմեց, որ 3 տարի առաջ նաեւ կաթված է ստացել, բավականին ծանր վիճակում է եղել, հիմա էլ առողջական խնդիրներ ունի:

«Այդ ամենը ես այնտեղ՝ աշխատելուս ժամանակ ձեռք բերեցի՝ 9-10 ժամյա աշխատանք՝ սուսուփուս, անտրտունջ: Եթե անգամ բարկանում էինք, մեջներս էինք պահում, որովհետեւ այսօրվա պայմաններում Գյումրիում գործ գտնելը շատ դժվար է, որքան ուզում ես փայլուն մասնագետ եղիր, ցանկացած մարդ նախեւառաջ իրա անգրագետ մոտիկին է տանում- դնում լավ գործի, հայտարարված մրցույթները «ֆիկտիվնի» բաներ են:

Ես հիմա վերջնականապես մինիստրի հրամանով կրճատված եմ՝ հաստիքների կրճատում է եղել, իբր: Ապրիլի մեջ որոշվել էր, որ Արթիկի եւ Գյումրու հարկային կառույցները միավորվելու են, բոլորս՝ պետից պահակ, ստորագրեցինք, որին հաջորդեց այն, որ մի խումբ մարդիկ աշխատանքից դուրս մնացին: Խնդալու էր, երբ ծառայության պետի երկու տեղակալ էին եկել Երեւանից ՝ մեկը Ալավերդյանը, մյուսը՝ Միրումյանը, առանց ատեստացիայի կրճատում արեցին: Երկու բան են հարցրել՝ ի՞նչ ես ավարտել եւ ի՞նչ ես անում: Երկու հատ էլ կատակ-հարց եւ գնացին... Որից հետո որոշողը պետի՝ Կարապետյանի ցուցակն էր, եւ այդ սեւ ցուցակում հայտնվեցին ոչ ցանկալի մարդիկ, որոնց հանդեպ ինքն ուներ անձնական հակակրանք, որոնցից մեկը ես էի: Բայց բոլորը վախենում են խոսել, որովհետեւ այդ վախի մթնոլորտը դեռ իրանց վրա է: Հիմա ես ասեմ՝ ինչ է կատարվում առհասարակ: Նա մեծամիտ, անտակտ, լկտի պահվածքով է, ինքը կարող է շատ կոպիտ արտահայտվել մի ամբողջ բաժնի կանանց ու աղջիկների վերաբերյալ: Պատասխան չկա: Աղջիկն իր տեղից վախենալով՝ ձայն չի հանում, կարող է նա գնա, մի տեղ նստի եւ թաքուն լացի...

Նամակ եմ գրել Սերժ Սարգսյանին, չեմ վախենում եւ բացահայտ հայտարարում եմ, որ նրանից էլ որեւէ սպասելիք չունեմ, որ սպասելիք ունենայինք, այս վիճակին չէինք լինի: Չգիտեմ՝ այդ նամակը տեղ հասել է, չի՞ հասել, այսօր էլ թերթում տպագրված նամակս եմ կտրել-ծրարել եւ ուղարկել եմ ՀՀ նախագահին: Գրել եմ՝ հարգելի՛ նախագահ, անձնական ակնկալիք չունեմ, բայց էս «բեսպրեդելի» թարգը տվեք»:

Հավելենք նաեւ, որ երբեմն, թերեւս աշխատակիցների շրջանում ինքնահաստատվելու համար, Շահգալդյանի փեսան կրկնում է, որ իրենք միշտ ձիու վրա են մնալու:

ԳԱԼԱ-ն ստացված դժգոհությունների վերաբերյալ զրուցել է նաեւ այս ամենի հասցեատիրոջ՝ Հրանտ Կարապետյանի հետ, ով այդ լուրերը համարել է հիմարություն, իսկ բազում այլ հարցեր թողել է անպատասխան՝ հորդորելով տեղեկություններ ստանալ ՊԵԿ մամլո ծառայությունից:

Հավելենք նաեւ, որ այս խնդրին մենք դեռ կանդրադառնանք...

Քրիստինա Մկրտչյան