Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համոզմամբ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «պատմության մեջ կմնա իր տափակ շուլուխներով»: Այս մասին ընդդիմադիր պատգամավորը հայտնեց այսօրվա ճեպազրույցում, ի պատասխան լրագրողի հարցի՝ հավելելով. «Չեմ էլ կարծում, որ մնա»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես կմեկնաբանի Գ.Սահակյանի նախօրեին ԱԺ նիստում իր հասցեին հնչեցրած արտահայտությունները, որ ինքը զրո է, ՀՀ առաջին նախագահին երկրորդական է դարձրել, Լ.Զուրաբյանը, մասնավորապես, ասաց. «Մարդիկ կան, որոնց վիրավորանքը մեղրի նման բան է: Բանականության առումով պուճուր եղբայրների վրա չեն նեղանում և չեն ջղայնանում»:

Նախօրեին իր ելույթում Գ.Սահակյանը, խոսելով իշխանություն-ընդդիմություն համագործակցության մասին, նաև ասել էր, որ իրենք ընդդիմության կարիքը չունեն, այդ ընդդիմությունը պետք է իրենց կարիքն ունենա: Լրագրողների խնդրանքով ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով քաղաքական մեծամասնության ներկայացուցչի «մտքի գոհարներին», մասնավորապես, նշեց, որ «իշխանությունը անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերում»:

«Իշխանությունը և ընդդիմությունը քաղաքական մեկ միասնական օրակարգի մաս պետք է լինեն: Ցանկացած նման արտահայտություն, որ դուք մեզ պետք չեք, կամ մենք կարող ենք ամեն ինչ անել, սա տանում է այլ տեղ: Լյուդովիկոս 14-րդին է հիշեցնում՝ պետությունը այդ ես եմ»,-ընդգծեց դաշնակցական պատգամավորը՝ հավելելով , որ դրա վերջը պետության կործանումն է և ժողովրդի վերջնական արտագաղթը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի այն արտահայտությանը, թե «մենք լավը չենք, բայց մեզնից լավն էլ չկա», ապա սա Ա. Մինասյանին արդեն խորհրդային ժամանակաշրջանի մուլտֆիլմերն են հիշեցրել՝ «Մի ասա, որ դու ամենալավն ես, կհանդիպես ավելի լավին,… » և «Ո՞վ կա, հայելի, ինձնից ավելի գեղեցիկ»: «Երկուսն էլ հեքիաթային հերոսներ են, բայց երկուսն էլ մեր այսօրվա իրականության հետ կապ ունեն, և ես չեմ ուզում իսկապես, որ այդ երկուսի ճակատագրին մեր իշխանությունն արժանանա, որովհետև, ի վերջո, հայ մարդ են»,-ընդգծեց Ա.Մինասյանը:

Հեղինակ:
«ՓԱՍՏԻՆՖՈ»