Lragir.am.  Հայաստանում քաղաքականությունը դարձել է ցինիզմի աստիճան պրագմատիկ, կորցնելով պսեւդոհայրենասիրության վարդագույն շղարշը:
Անխափան աշխատող ընտրական մեքենա ստեղծած Հանրապետական կուսակցությունը հանգիստ ու առանց բացատրությունների մերժում է ընտրական համակարգը բացելու բոլոր փորձերը: Այն չի էլ ժխտում, որ իշխանությունը պահում է ընտրացուցակների մանիպուլյացիաների միջոցով, եւ ոչ մեկին թույլ չի տա «ձեռք տալ» ցուցակներին:
ՀՀԿ ցուցակով Երեւանի ավագանու անդամ են դարձել ամենաօդիոզ պատգամավորների ու օլիգարխների՝ Թոխմախի Մհերի, Խուճուճ Էդոյի, Բուռնաշի որդիները, չհաշված այն, որ Երեւանի քաղաքապետն էլ Անդրանիկ Մարգարյանի որդին է:
Ռուբեն Հայրապետյանը կամավոր ներկայացել է դատարան ու ասել, որ մեղադրյալի աթոռին նստածները ծանոթ չեն իրեն եւ իր թիկնապահները չեն:
Իսկ Կարֆուրի հետ կապված պատմությունն ավարտվում է նրանով, որ ֆրանսիացիները մերձավորարեւելյան մասնաճյուղը վաճառում են արաբներին, որոնց ներկայացուցիչն, ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանի գլխավոր հարկահավաք Գագիկ Խաչատրյանն է:
Դա իսկապես պրագմատիզմի գագաթնակետն է՝ ՊԵԿ նախագահը կառավարելու է ընկերությունը, որը կարող է դառնալ առաջին անհրաժեշտության ապրանքների ամենախոշոր ներկրողը: Դժվար թե այդ ընկերությունը խնդիրներ ունենա մաքսայինում:
Քարոզչական միֆերի դարաշրջանի ավարտը դրական գործընթաց է, եւ ինչ որ տեղ նույնիսկ օրինաչափ է, որ դրան փոխարինել է ցինիկ պրագմատիզմը: Ասենք, ցինիզմը միշտ կար, պարզապես դրա վրայից պոկվել է «պատշաճության» դիմակը: Ներկայում բոլորը տեսնում են իրական դեմքերը:

Նաիրա Հայրումյան