Tert.am.  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկում գյուղատնտեսական պարտադիր ապահովագրություն սահմանելու համար։

«Ինչու չեք գնում այդ ապահովագրությանը։ Ինչո՞ւ, երբ գյուղացին մի «Զապորոժեց» ունի ստիպում եք ապահովագրի, բայց հողակտորը՝ ոչ»,- հարցրեց պատգամավորը։

Նախարարը նշեց, որ գյուղատնտեսական ապահովագրությունը շատ ծախսատար է և ոչ մի ապահովագրական ընկերություն այսօր գյուղոլորտում ապահովագրություն չի իրականացնի։ «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞ր ապահովագրական ընկերությունը նման ռիսկի կգնա»,-հարցրեց նա։

Միաժամանակ նա նշեց, որ, իհարկե, քայլեր պետք է արվեն, և իրենք որոշ աշխատանքներ արդեն տանում են։ «Օրինակ՝ ծրագրել ենք անասնապահության ոլորտը կամաց-կամաց տանել պարտադիր ապահովագրության»,- ասաց նա։