Irakan.info. Երեկ ԱԺ-ում կրքերը բավականին թեժ էին, սակայն կրքերը հասնում էին իրենց գագաթնակետին, երբ ԱԺ ամբիոնից բավականին բոցաշունչ պոպուլիստական հայտարարություններ էին հնչում:

Բոցաշունչ լինելու իմաստով թերեւս Մարգարիտ Եսայանին գերազանցող շատ քիչ մարդ կլինի:
Հետաքրքրական է, որ Մարգարիտ Եսայանին լուրջ մոտեցումներ չեն թվում կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունները: Դե, ինչպես ասենք, նրա համար անլուրջ է հնչում 40 % աղքատությունը, անլուրջ է 200.000 մարդու արտագաղթելը, այս պայմաններում գազի գնի թանկացումը: Բոլորը, բոլորը անլուրջ է: Հետաքրքրական է' ինչն է լուրջ Մարգարիտ Եսայանի համար, ինչ պետք է լինի ավելի լուրջ, որ Եսայանի համար բավարար լինի:

«Այս ծրագիրը գրված է բաց աչքերով, ու գրված չէ փակ աչքերով, ինչպես ասում եք, թե Կառավարությունն իբր չի ապրում ՀՀ-ում: Սա այնպիսի ծրագիր է, որտեղ ներառված են երեք հիմնական խնդիրները՝ արտագաղթ, աշխատատեղերի պակաս, աղքատություն»,-ասաց պատգամավորը: Իհարկե, պետք է որ ներառված լինի. այս կառավարությունը հետագա 5 տարիների ընթացքում արտագաղթն ավելի կահագնանա, աշխատատեղերն ավելի կպակասեն, եւ, իհարկե, աղքատությունն էլ 40-ից կհասնի 70 %: Գիտենք, տիկին պատգամավոր, գիտենք, որ այս կառավարության հիմնական նպատակը հենց դա է:
Սակայն Մարգարիտ Եսայանը կառավարության ոսկե սարերին «խիստ ի հավատում...»:
Հավատալը թող հավատա, բայց այդ մասին այնքան բոցաշունչ էր խոսում, այնքան ոգեւորված, այնքան ազդված էր, որ կառավարության «հավին քշա են ասել», որ նույնիսկ բառերն էր խառնում:
Մարդ ուզում էր ասել. «Խորը շունչ քաշեք, բան չասինք կառավարությանը, պուպուշն է վարչապետը, մենակ թե հանգստացեք, մենակ թե մի նյարդայնացեք…»:

Մարգարիտ Եսայանն էլ իր պարտքը համարեց խոսել ընտրություններից, անգամ խոսեց հեղափոխությունից, ինքն էլ… գլուխներում: Ավելին, կոչ արեց սկսել հենց իր գլխից:

Իր ելույթի ընթացքում, պարբերաբար հիշելով ժամանակի սղությունը, Մարգարիտ Եսայանը հասցրեց խոսել ընտրություններից, կառավարության սիրուն աչքերից, կառավարության նկատմամբ հավատից, հեղափոխությունից, իհարկե, գլխում, մասնավոր ներդրումներից, արտագաղթից, աշխատատեղերից, հասավ 1999 թվական, եկավ մեր օրեր, կրկին հետ գնաց, հռետորական բազմաթիվ հարցեր հնչեցրեց…. Բռավո~, բի~ս…

Մարգարիտ Եսայանը խոսեց նաեւ բարոյականությունից' դա կապելով սոցիալ-տնտեսական վիճակի հետ… Իհարկե, մենք համամիտ ենք նրա հետ, որ բարոյականությունն անմիջական կապ ունի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, մասնավորապես, երբ, օրինակ, մարդ տեսնում է, որ ինքն այնքան վատ է կառավարում տնտեսությունը, որ տվյալ երկրի աղքատությունը հասել է 40 %, պետք է ինքնակամ հրաժարական տա: Այո, բարոյական է, որ երբ տեսնում ես, որ երկրի վիճակն իսկապես վատ է, խոստովանում ես, որ, այո, իսկապես վատ է. ոչ թե պնդում ես ճիշտ հակառակը' զարմանալով, որ բողոքում են սոցիալական վիճակից: Բարոյական է, երբ քո ժողովուրդը աղքատ է, սոված ու մրսած, դու 100.000 դրամ չես ծախսում ասենք, գուլպաների ու փողկապների համար, եւ ոչ էլ միլիոնանոց ընթրիքներ վայելում…

Այո, քանի դեռ այս բարոյական արժեքները չկան, տիկին Եսայան, իրավացի եք, ոչ մի առաջխաղացում սոցիալ-տնտեսական կյանքում չի լինի:

Ի դեպ, բարոյականությունից խոսելիս, խնդրում ենք, նկատի ունեցեք, որ բարոյական չէ նաեւ նախ փնովել մի համակարգի բավականին բոցաշունչ կերպով, հետո նույն համակարգի շահերը սպասարկող դառնալ, ինքն էլ նույնքան բոցաշունչ կերպով:
Սա իմիջիայլոց...

Արտակ Քաջար