Կարեն Եսայանի սպանության գործով հաջորդ դատական նիստին դատարան կներկայանան Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամները՝ Վարդան Ղուկասյանը, նրա եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը եւ Մանյա Ղուկասյանը: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: Փաստաբանի փոխանցմամբ, դատավորն է այդ մասին հայտարարել, որ հաջորդ նիստին նրանք ներկայանալու են դատարան եւ հարցաքննվելու են որպես վկա:

Հիշեցնենք, որ Կարեն Եսայանին սպանեցին հենց նշանադրության օրը: Նա պատրաստվում էր նշանվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հետ:

Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Աննի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը, ով սակայն հայտարարում է, որ ինքը բացարձակապես կապ չունի սպանության հետ:
Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը եւս պնդում է, որ իր պաշտպանյալին նման հանցագործության մեջ մեղադրելու հիմքեր չկա: Նա մի քանի անգամ միջնորդել է դատարանին, որ հարցաքննվեն բոլոր վկաները, որոնք կապ ունեն գործի հետ՝այդ թվում Վ. Ղուկասյանի ընտանիքի անդամները:
«Նրանց դատարանն ավելի շուտ էր հրավիրել, բայց սկզբում հրաժարվել էին՝ խնդրելով հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Նրանք գրություն էին ուղարկել, նրանցից մեկը գրել էր, թե ցանկություն չունի առերեսվելու ամբաստանյալի՝ Հարություն Սարգսյանի հետ, դա սթրես է եւ այլն: Բայց նորից նրանք հրավիրվեցին: Վերջին դատական նիստի ժամանակ ես հարց բարձրացրի, թե ինչու՞ չեն ներկայանում, դատավորն ասաց, որ նորից հրավիրվել են, պարզապես տեղեկացրել են, որ Վարդան Ղուկասյանի եղբոր մահով պայմանավորված չեն ներկայացել եւ կներկայանան հաջորդ դատական նիստին»:

Նշենք, որ արդեն հարցաքննվել են սպանված Կարեն Եսանայնի հայրը՝ Ռազմիկ Եսայանը, այնպես էլ Հարություն Սարգսյանի հայրը՝ Սամվել Սարգսյանը, անցյալ դատական նիստին հարցաքննվել է նաեւ Հարություն Սարգսյանի քույրը՝ Մելանյա Սարգսյանը:
Նշենք, որ դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի չորսին:

Քրիստինա Մկրտչյան