Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի երկրորդ՝ «Զուգահեռ աշխարհում» գրքի 100 օրինակ վաճառքից գոյացել է 200 հազար դրամի հասույթ: Դատապարտյալը գրքի վաճառքից գոյացած գումարով կվճարի իր ուսման վարձը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ, լրագրող Զարուհի Մեջլումյանը: Անցյալ տարի Մ. Ենոքյանն ընդունվել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որտեղ ուսման տարեկան վարձը կազմում է 500 հազար դրամ:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ, բարերար Նարեկ Հարությունյանի աջակցությամբ հրատարակված գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով: Ըստ Զ.Մեջլումյանի, միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե «Զուգահեռ աշխարհում»-ը գիրք է բանտի կյանքի մասին, իրականում այն սիրո, պայքարի, արդարադատության համակարգի և այլնի մասին է, գրքում տեղ են գտել 6 հայերեն և 9 ռուսերեն պատմվածքներ: Գրքի նկարչական ձևավորումը կատարվել է Մ.Ենոքյանի գրաֆիկական աշխատանքներով:

Զ. Մեջլումյանը նշեց, որ բացի Մհեր Ենոքյանից ևս երկու այլ ցմահ դատապարտյալներ՝ Արսեն Արծրունին և Գեորգի Խանամիրյանը նույնպես ուսում են ստանում՝ նրանք երկուսն էլ հոգեբանություն են ուսումնասիրում: ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը բոլոր երեք դատապարտյալների համար հնարավորություն է ստեղծել, որպեսզի նրանք առանձին համակարգչային սենյակում օգտվեն համակարգչից: