2013 թ. հոկտեմբերին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Ընտրություններից ամիսներ առաջ քննարկվում են հավանական թեկնածուների և մրցակիցների անունները: Արևմտամետ լիբերալ ուժերը ցանկանում են միավորվել «Ազգային խորհուրդ» դեռ չձևավորված կառույցի շուրջ, որը միասնական թեկնածու կընտրի: Գործող իշխանությունները, որպես հավանական թեկնածու, շրջանառում են Ադրբեջանի առաջին տիկնոջ' Մեհրիբան Ալիևայի անունը:

Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների թեմայով «Հետքի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ք.գ.թ. Անժելա Էլիբեգովան:

Որքանո՞վ է այսօր հավանական Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի համախմբումն ու առաջիկա նախագահական ընտրություններում մեկ թեկնածուով հանդես գալը:

«Ազգային խորհուրդը» և նմանատիպ մյուս կառույցներն այսօր Ադրբեջանում արմատական փոփոխություն անել չեն կարող: Իրենց ցույցերի ժամանակ նրանք չեն կարողանում 2000-3000 հոգուց ավել մարդ հավաքել, ի տարբերություն, օրինակ, իսլամիստների: Դեմոկրատական ուժերն ավելի շատ են երևում մամուլում, բայց այստեղ ավելի շատ խոսք կա, քան գործ: Նույնիսկ միավորման դեպքում, ինչը բավականին բարդ է, որովհետև այդ ուժերից ամեն մեկն իր ամբիցիաներն ունի, Ադրբեջանում ինչ-որ բան փոխելու հավանականությունը բավականին փոքր է:

Դա գիտակցում են նաև Արևմուտքում: Այդ պատճառով էլ նրանց ավելի շատ օգտագործում են որպես լծակ ալիևյան ռեժիմի դեմ, քան դիտարկում որպես իրական մրցակից: Այն իրավիճակը, որ այսօր կա Ադրբեջանում, ձեռնտու է բոլորին, նաև Արևմուտքին:

Իսկ իսլամիստներն ի՞նչ դեր կարող են ունենալ այս պայքարում:

Արևմուտքի համար ավելի վտանգավոր է, եթե իշխանության գան անկանխատեսելի, իրանամետ իսլամիստները: Այսօր դա ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Արևմուտքին, ինչ-որ չափով նաև' Ռուսաստանին: Իսլամիստները կարող են խնդիրներ ստեղծել ամբողջ տարածաշրջանում' սկսած նավթարդյունաբերությունից մինչը ԼՂ հիմնախնդիր: Այդ դեպքում շատ արագ գլուխ կբարձրացնեն բոլոր խնդիրները: Իսկ այսօրվա համեմամատաբար կայուն վիճակը բոլորին ձեռնտու է:

Ընտրությունների վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի առաջին տիկնոջ' Մեհրիբան Ալիևայի առաջադրումը: Արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանը կին նախագահ ունենա:

Դա ավելի շուտ իշխանամետ ուժերի կողմից PR ակցիայի ոչ այնքան հաջող փորձ է: Իրականում Ադրբեջանում հնարավոր չէ պատկերացնել կին նախագահ:

Մյուս կողմից' այժմ Ալիևն իր համար լեգիտիմության խնդիր է լուծում: Չնայած Ադրբեջանի Սահմանդրությունը փոխվել է, ըստ որի' նույն անձը որպես նախագահ կարող է վերընտրվել 3-րդ անգամ, սակայն փորձագետները նշում են, որ այդ փոփոխությունն ընդունվել է նրա երկրոդ ժամկետից հետո, երբ նա արդեն երդում էր տվել հին Սահմանադրության վրա:

Ալիևը հայտնվել է այս ծուղակում, և փորձելու է գերտերությունների հետ համագործակցության գնալ, որպեսզի նրանք համաձայնություն տան նման քայլին: Հակառակ դեպքում նախագահի պաշտոնում նա կփորձի առաջադրել իր մարդկանցից մեկին, ինչպես դա տեղի ունեցավ Ռուսաստանում: Հնարավոր է' դա լինի երիտասարդ և փաշաևական կլանի ներկայացուցիչ:

Անրադառնալով Արևմուտքի դերին' մի կողմից տեսնում ենք բազամթիվ քննադատություններ Ադրբեջանի հասցեին, մյուս կողմից, թե ինչպես է իր ազդեցությունն ունենում Ադրբեջանի նավթը: Ըստ Ձեզ' այս ընտրություններում ի՞նչ դիրքորոշում կընդունի Արևմուտքը:

Երբ Ալիևի հետ տարաձայնություններ են լինում, դուրս են գալիս մի շարք միջազգային զեկույցներ, որտեղ նկարագրվում է Ադրբեջանում տիրող օբյեկտիվորեն վատ իրավիճակը: Երբ իրավիճակը հանդարտվում է, այդ լծակը չի կիրառվում, և անցկացվում է ոչ թե հակաադրբեջանական, այլ ադրբեջանամետ զեկույց, ինչպես, օրինակ' PACE-ում (ԵԽԽՎ): Այդ լծակներն օգտագործվում են Արևմուտքի շահերին համապատասխան: Իսկ Ադրբեջանում միշտ էլ քննադատության առիթ կգտնվի:

Արդյոք Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների համար հնարավորություն կստեղծվի՞ որևէ դրական արդյունքի կամ փոփոխության հասնել:

Բացարձակ ոչ, որովհետև Ադրբեջանում ընտրությունները ձևական գործընթաց են: Իշխանափոխություն գրեթե հավանական չէ: Ամեն դեպքում, այսօր նման միտում չկա: Միայն տեսնում ենք' ինչպես են օրեցօր իրավիճակը, օրենքներն ավելի խստանում: Այս պարագայում դժվար է դրական կանխատեսումներ անել:

Նախընտրական փուլում արդյոք կշահարկվի՞ ԼՂ հիմնախնդիրը:

Անպայման, ու արդեն սկսվում է շահարկվել: Այժմ այսպիսի միտում կա. Ադրբեջանում սկսել են բարձրացնել իրենց փախստականների սոցիալական բարդ վիճակում ապրելու թեման: Եթե մինչ օրս նրանք ամեն կերպ քողարկում էին այդ հարցը, հայտարարում, որ նրանց համար նոր շենքեր, կացարաններ, լավ պայամններ են ստեղծել, ապա այժմ մամուլում հակառակ միտումն է. խոսվում է, որ փախստականները սոցիալական վատ պայմաններում են ապրում:

Հարց են բարձրացնում, թե երբ պետք է լուծվի ԼՂ հարցը, որպեսզի նրանք վերադառնան Ղարաբաղ: Այս ամենն ունի քարոզչական միտում: Ինչքան մոտենա ընտրությունների օրը, այնքան ավելի շատ են սկսելու շահարկել ԼՂ հարցը: Սա նպատակ ունի շեղել հասարակության ուշադրությունը սոցիալական խնդիրներից: Այս մասին գրում է hetq.am-ը: