Գազի սակագնի հարցում քաղաքացիական անհնազանդությանը զանգվածային բնույթ տալու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր և ընդհանուր երթ՝ ողջ Հայաստանով մեկ:

Նման կոչ-հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Tert.am-ի հետ զրույցում, ով մի շարք բնապահպանական ակտիվիստների հետ հանդես է գալիս գազի սակագնի հարցով քաղաքացիական անհնազանդություն ցույց տալու նախաձեռնությամբ: «Պատասխան քայլը կլինի երթ ամբողջ Հայաստանով, քաղաքացիների մոբիլիզացիա և քաղաքացիական անհնազանդություն: Երթի ուղղությունը կորոշվի, բայց տրամաբանական կլիներ Երևանից դեպի Գյումրի, Գյումրիից Վանաձոր և այդպես շրջաններով»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիական հասարակության շրջանակների հետ քննարկում են առաջիկա պայքարի մեթոդներն ու եղանակները:

Հիշեցնենք, որ Tert.am-ին մտավորականներից մի քանիսը հայտնել էին, որ կմիանան ակցիային, պայմանով , որ այն լինի մասշտաբային, այլապես մի քանի տասնյակ մարդու գազը «կկտրեն», կվերջանա:

Երթի անցկացման ժամկետները դեռ որոշված չեն, բայց Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ նախատեսվում է անցկացնել, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որի վարույթում է «ՀայՌուսգազարդ»-ի հայտը, կկայացնի որոշում:

Հիշեցնենք, որ ««ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ժամանակ, հայտարարելով, որ վերջին շրջանում լսում է ինչ-ինչ անարխիստական կոչեր, ավելացրեց, որ գազը ապրանք է, որի, ինչպես և այլ ապրանքների համար պետք է վճարել:
Իսկ գազ սպառելու, բայց չվճարելու կոչերը նա նմանեցրեց նրան, որ ինչ-որ մեկը խանութից ապրանք գնի ու չվճարի:

«Քաղաքացիական անհնազանդությունն անարխիզմ չի, դա ժողովրդի՝ ուղղակի իշխանության դրսևորումներից մեկն է, և դա միայն իմ կարծիքը չէ, դա երկրի Սահմանադրության մեջ առկա միտքն է: Եվ քաղաքացիական անհնազանդությունը միջոց է, որով հանրությունն իր կառավարման տակ է վերցնում ներկայացուցչական մարմինների, կառավարության այն անօրինական գործողոթյունները, որոնք վնասում են հանրության շահերը: Գների բարձրացման քաղաքականությունը հակասում է պետության սահմանադրորեն ամրագրված նորմին՝ ապահովել քաղաքացիների բարեկեցությունը»»,- իր հերթին մեկնաբանեց Անդրիաս Ղուկասյանը: