168.am. Հայաստանի անշարժ գույքի շուկան պասիվանում է: ՀՀ կադաստրի պետական կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ այս տարվա մարտ ամսվա համեմատ ապրիլին իրականացված գործարքների թիվը նվազել է 2.8%-ով՝ կազմելով 15,824: Գործարքների մեծ մասն իրականացվել է Երևանում՝ 35.3%, ապա Կոտայքում՝ 11.8%, Արմավիրում՝ 10.6%, Արարատում՝ 9.2%, Արագածոտնում՝ 6.8%, Լոռիում՝ 6.0%, Գեղարքունիքում՝ 5.6%, Շիրակում՝ 5.1%, Սյունիքում՝ 4.2%, Տավուշում՝ 3.6%, Վայոց Ձորում՝ 1.8%: Այս իրավիճակը բավականին տարօրինակ է, քանի որ շուկայի պասիվությունը տարվա սկզբին բացատրվում էր սեզոնայնությամբ, նախընտրական շրջանում՝ կայունության բացակայությամբ, իսկ հիմա, երբ ՀՀԿ-ն կրկին գրավել է բոլոր աթոռները, կարծես թե պետք է ակտիվանար նաև տնտեսության այս որոշիչ ոլորտը: Գործարքների նվազմանը զուգընթաց ապրիլին մարտի համեմատ Երևանում և մարզերում բնակարանների գներն աճել են 0.6%-ով: