Lragir.am. Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, մեկնաբանելով Ռուսաստանի վերջին քայլերը Հայաստանի դեմ, ասել է, որ պատճառն այն է, որ Հայաստանը «գցել է» Ռուսաստանին: Համարվում է, որ Ղարաբաղ կոմիտեն է եղել Հայաստանի անկախ պետականության հիմնադիրը, եւ այդ կոմիտեում Աշոտ Մանուչարյանի դերն ամենեւին երկրորդական չի եղել: Եւ եթե նման բան ասեր մեկ ուրիշը, գուցե չարժեր անդրադառնալ, սակայն Աշոտի հայտարարությունը բավական հատկանշական է մի շարք տեսանկյուններից:
Նախ, ինչ է նշանակում «գցել»: Դա նախեւառաջ նշանակում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները երբեւէ չեն ունեցել միջպետական եւ քաղաքական բնույթ: Դրանք եղել են «եղբայրական», եւ ըստ այդմ՝ մեծ եղբայրը փոքրի հետ արել է ինչ ուզել է: Դա վկայում է նաեւ այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին չի վերաբերվել որպես պետության, այլ ընդամենը՝ սեփական «ոտքի տեղ», ֆորպոստ եւ այլն:
Ռուսաստանը նման վերաբերմունքի համար հիմքեր ունեցել է: Հայաստանի քաղաքական-հոգեւոր-բիզնես «էլիտան» եղել է իրենը, նա ոչ մի խնդիր չի ունեցել սեփական մտադրություններն ու շահերը Հայաստանի մասով առաջ մղելու հարցում: Մոսկվայում խոր համոզվածություն է եղել, որ Հայաստանի պարագայում «խնդիրներ չկան»:
Սակայն, պարզվել է, խնդիրներ կան, եւ դրանք կուտակվել ու բազմապատկվել են «անամպ եղբայրության» տասնամյակների ընթացքում: Այդ խնդիրներն իրականում եղել են եւ չէին կարող երբեւէ իրենց զգացնել չտալ: Մասնավորապես, դրանք կապված են եղել այն իրողության հետ, երբ Մոսկվան պարբերաբար հանձնել է իր «ռազմավարական դաշնակցին», հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի: Պատմության մեջ շատ չխորանալով, բավական է հիշել միայն 1921 թ. Մոսկվայի պայմանագիրը, որով Հայաստանի տարածքի մի մասը տրվեց Թուրքիային, իսկ մյուս մասում ոչնչացվեց հայկական պետականությունը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանը երկու պատժիչ արշավ ձեռնարկեց հայերի դեմ, տեղահանելով ու արտաքսելով հայկական տասնյակ բնակավայրերի տասնյակ հազարավոր բնակիչների, տարածքը մաքրելով Ադրբեջանի համար: Ռուսաստանը ժամանակակից զենք է մատակարարում Ադրբեջանին, միջազգային ասպարեզում խոչընդոտում է Ղարաբաղի ճանաչման գործընթացը եւ պարբերաբար չեզոքացնում հայկական շահերը: Ռուսաստանը բարձրացնում է գազի գինը եւ անմիջապես էլ հայտարարում, ռուս եւ հայկական ծագման փորձագետների բերանով, որ դա քաղաքական որոշում է: Իսկ այդ երկրի արտգործնախարար Լավրովն էլ արդեն պաշտոնապես բարձրաձայնում է Ռուսաստանի իրական դիրքորոշումը Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Ինչպես 1921 թվականին:
Ի՞նչ է պատահել, եւ ինչո՞վ է պայմանավորված Ռուսաստանի այս հիստերիկ արձագանքը: Ըստ ամենայնի, այն բանի հետ, որ «եղբայրությունն» ավարտվել է, եւ եկել է քաղաքական հարաբերություններ հաստատելու ժամանակը: Բանն այն է, որ Հայաստանն առաջին անգամ հայտարարել է քաղաքական ու տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մտադրության մասին, եւ իր «ռազմավարական դաշնակցին» կշտամբել է Ադրբեջանին զինելու մեջ: Այսինքն՝ կոչ է արել անցնել քաղաքական հարաբերությունների: Դրանք կամ կհաստատվեն, կամ հայ-ռուսական հարաբերությունները կխզվեն վերջնականապես:
Մոսկվայում սա շատ լավ են սկսել հասկանալ, սակայն իրենց մեջ ուժ չեն գտնում անցնել քաղաքական հարաբերությունների: Հոգեբանորեն, ռուսների համար դա իսկապես դժվար է: Դարեր շարունակ սովոր են եղել, որ «հայերի դեպքում խնդիրներ չկան»: Ընդհանրապես, կայսրության մեջ հայերը եղել են ամենաարհամարհված ժողովուրդը, թեեւ կայսրության կայացման եւ հզորացման գործում հայերի դերն ու ներդրումն անուրանալի է եւ անչափելի: Դա էլ թերեւս բարդույթավորում է Մոսկվային, որի համար Հայաստանի «կորուստը» հավասարազոր է աշխարհքաղաքական պարտության:
Սակայն, Մոսկվան այդպես էլ չի կարողանում համարժեք գտնվել նոր իրավիճակում, եւ որդեգրել է «մտրակի ու մտրակի» քաղաքականություն: Բլիթը վաղուց չկա, եւ դեռ հարց է, թե այն ընդհանրապես որ կողմից էր գալիս: Համարժեք չգտնվելով այս իրականությանը, Մոսկվան բացահայտ շանտաժի է դիմում, Հայաստանում հընթացս «գործի գցելով» «եղբայրության» սազանդարներին: Նախագահի ընտրության շեմին փորձ արվեց անկայունություն հրահրել Հայաստանում, որն ավարտվեց անհաջողությամբ: Անհաջողություն ունեցան նաեւ «խրատական քարոզները» Հայաստանի ու հայերի գլխին: Տապալվեցին քաղաքական ծրագրերը կապված ԲՀԿ-ի ու Կոնգրեսի հետ:
Ամեն ինչ մակերեսի վրա է, եւ տեղի է ունեցել ամենակարեւորը՝ հայերը սկսել են վերաիմաստավորել «եղբայրությունը» եւ պատմության ճակատագրական պահերին ռուսական պետության պահվածքը: Իսկ սա ամենավտանգավորն է Մոսկվայի համար, քանի որ նրա տիրապետությունը Հայաստանում հիմնված էր «փրկչի ու ավագ եղբոր» առասպելի վրա: Այդ առասպելը կորցնում է իր կենսունակությունը չոր ու մերկ իրականության առջեւ:
Եւ ահա, այս պայմաններում Աշոտ Մանուչարյանը հայտարարում է, որ Հայաստանը «գցել է» Ռուսաստանին, այն պայմաններում, երբ թե ՀԱՊԿ, թե «ռազմավարական դաշնակցության» շրջանակում Հայաստանն ազնվորեն ու մինչեւ վերջ կատարել է իր պարտավորությունները: Ստացվում է, Ռուսաստանն ուներ այդ իրավունքը եւ լիուլի օգտվել է դրանից, եւ երբ Հայաստանը փորձում է դուրս գալ այս իրականությունից՝ պարզվում է «գցում է»: Գուցե Աշոտ Մանուչարյանը ներքին թաքուն հպարտությա՞մբ է դա ասել, որպես այս պետության հիմնադիրներից մեկը, որին ժամանակին չհաջողվեց «գցել» Ռուսաստանին՝ այսինքն ամրացնել անկախ պետականությունը:
Իսկ «եղբայրությունը» փրկելու համար մնում է զորք հրավիրել Հայաստան: Նման մարդիկ էլ կգտնվեն, թեեւ դրանց կարիքն առանձնապես չկա:

Հայկ Արամյան