Բուն ալկոհոլի, այսիքն' այսօրվա հասկացողությամբ գինու սպիրտի ստացումը կապված է մ.թ. 7-8-րդ դարերի հետ, երբ արաբները հայտնագործեցին ջրի թորման սարքավորումը և այդ նույն սկզբունքով կարողացան թորել նաև սպիրտը: Ստացված հեղուկին նրանք տվեցին «ալ-կեհոլ» անունը, որը նշանակում է «թմրեցնող», «շշմեցնող»: 16-րդ դարում իտալացի ալքիմիկոս Վալենտաուսին հաջողվեց ստանալ գինու սպիրտը քիմիապես մաքուր վիճակում, այսինքն' էթիլ ալկոհոլը:
Ալկոհոլը թմրանյութերի խմբին պատկանող նյութ է, որը մարդուն կարող է հասցնել անգիտակից վիճակի, իսկ առանձին դեպքում էլ մահվան: Այն բացասաբար է ազդում մարդու համարյա բոլոր օրգանների և համակարգերի, առաջին հերթին գլխուղեղի կեղևի վրա, որի հետ կապված են նյարդային համակարգի աշխատանքի ամենանուրբ ֆունկցիաները' մտածողությունը, գիտակցությունը, արտաքին աշխարհի ճանաչումը, մի խոսքով մարդու գիտակցական ողջ գործունեությունը և քանի որ գլխուղեղի կեղևի բջիջները ամենազգայունն են ալկոհոլի նկատմամբ, ուստի ամենաչնչին քանակությունն անգամ առաջ է բերում գլխուղեղի գործունեության խանգարում, արդյունքում վերանում է նաև գիտակցական ինքնավերահսկողությունը և մարդը թույլ է տալիս հիմար, հաճախ էլ նույնիսկ շրջապատի համար վտանգ ներկայացնող արարքներ:

Հարբեցողությունը ոգելից խմիչքների չարաշահման հետ կապված մարդու առողջության, նրա կենցաղի, աշխատանքի և բարեկեցության վրա ունեցած ազդեցության վնասակար հետևանքների ամբողջությունն է: Ոգելից խմիչքների տևական չարաշահումը հաճախ առաջ է բերում այնպիսի հոգեկան հիվանդություններ, ինչպիսիք են հարբեցատենդը, ալկոհոլային ցնորվածությունը, մոլագարությունը ու խանդի զառանցանքը, ընկնավորությունը:
Գիտականորեն ապացուցված է, որ ալկոհոլային թունավորումը խանգարում է նյարդային պրոցեսների նորմալ ընթացքը, որտեղից էլ գալիս է հարբածի չվերահսկվող վարքը: Անհատի մոտ առաջանում են բնավորության գծեր, որոնք նախկինում չեն եղել' անհամբերություն, կոպտություն, մանրախնդրություն: Դառնում են էմոցիոնալ, անկայուն, դյուրագրգիռ: Կեղծությունն ու խաբեությունը դառնում են նրանց բնավորության հիմնական գծերը:

Պարզված է, որ 1 բաժակ ալկոհոլը պակասացնում է մկանային ուժը 3 անգամ: Վիճակագրական տվյալները պարզել են, որ հարբածը ինչպես հարկն է չի զգում ցուրտը և ցրտահարությունից մահացածների 90%-ը եղել է հարբած վիճակում: Որպես համեմատություն ասվում է, որ յուրաքանչյուր տարի ալկոհոլի մեջ ավելի շատ մարդ է խեղդվում, քան ջրում:

Ըստ վիճակագրական նյութերի ալկոհոլը չարաշահող մարդկանց մոտ կյանքի միջին տևողությունը 10-15 տարով պակաս է սթափ մարդկանց համեմատությամբ:

Տրանսպորտային վթարների ավելի քան մեկ երրորդը տեղի է ունենում այն պատճառով, որ վարորդը «մի կում» բան է խմում կամ «զովանում» մեկ գավաթ գարեջրով: Հետազոտություններով պարզված է, որ 150-200գ օղի օգտագործելու դեպքում աշխատանքային առաջին ժամվա ընթացքում վարորդի կատարած սխալների թիվը ավելանում է 30%-ով, իսկ երկրորդ ժամվա ընթացքում 50%-ով: Ըստ ամփոփագրերի տվյալների կենցաղային վնասվածքների 20 և փողոցային վնասվածքների 40%-ը կապված է ալկոհոլի օգտագործման հետ:

Հարբեցողությունը ոչ միայն լուրջ վնաս է հասցնում առողջությանը, կենցաղին, աշխատունակությանը, մտավոր կարողությանը, այլև հաճախ դառնում է հանցագործության դրդապատճառ: Հայտնաբերված է, որ գրեթե բոլոր հանցագործությունների և առաջին հերթին սպանությունների, ծանր մարմնական վնասվածքների, տրանսպորտային վթարների, խուլիգանությունների դրդապատճառը եղել է հարբեցողությունը: Տոլստոյը մի առիթով նկատել է, որ հանցագործությունների 9/10-րդը կատարվում է ոգելից խմիչքների ազդեցության տակ:

Ալկոհոլիզմի դեմ պայքարի խնդիրը առաջին հերթին հայացքների և համոզմունքների հետ է կապված: Այն արատ է և հղի է վտանգավոր հետևանքներով: Մեզ մնում է միայն ալկոհոլամոլին հիշեցնել Օստրովսկու խոսքերը. «Կոպեկ չարժե այն մարդը, ով չի կարող հաղթահարել իր վնասակար սովորությունը» և խորհուրդ տալ' մի խմեք գինի, մի վշտացրեք ձեր սիրտը ծխախոտով և դուք կապրեք այնքան, որքան ապրեց Տիցիանը:

Իրավաբան.net