Իրանի Զինված ուժերի գլխավոր ռազմական հանձնակատարի տեղակալ Մուսա Քամալին հայտարարել է, որ իրանական բանակում ծառայելուց ազատելու են բոլոր այն զորակոչիկներին, ովքեր կհամաձայնվեն հրաժարվել իրենց մեկ երիկամից:

Ինչպես հայտնում է ISNA տեղեկատվական գործակալությունը, բանակից կազատվեն նաև նրանք, ովքեր երիկամից հրաժարվելու պահին արդեն գտնվում են պարտադիր զորակոչման մեջ:

Սա Իրանի Զինված ուժերում զորակոչի սկզբունքների առաջին խստացումը չէ: 2011-ին Քամալին հայտարարել էր, որ բանակից ազատվում են նաև այն զորակոչիկները, ովքեր ունեն քաղցկեղով հիվանդ ծնող կամ եղբայր: Չնայած Իսրայելից և ԱՄՆ-ից եկող պատերազմի մշտական սպառնալիքներին՝ Իրանը աստիճանաբար կրճատում է զինծառայության ժամկետները: Մինչև 2004-ը պարտադիր զինծառայությունը կազմում էր 21 ամիս, իսկ 2008-ի դրությամբ կրճատվել էր մինչև 16 ամիս: Նշենք, որ 78 մլն բնակչություն ունեցող Իրանի բանակում 2011-ին զինծառայողների թիվը կազմում էր 545 հազար մարդ: