Ինչպես տեղեկացրել ենք, կիրակի օրը Գյումրիից Դոնի Ռոստով մեկնող «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը Նոյեմբերյանի Պտղավան գյուղի մոտ'մաքսակետ չհասած, շրջվել էր, որի պատճառով 52-ամյա գյումրեցի Ավետիք Թորոսյանը տեղում մահացել էր, իսկ 17-ամյա Լիաննա Մկրտչյանը անգիտակից վիճակում տեղափոխվել էր Նոյեմբերյանի հիվանդանոց, այնուհետ'«Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել էր:

Նոյեմբերյանի հիվանդանոցում առաջին բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո, չորս հիվանդի'տարբեր կոտրվածքներով, տեղափոխել էին Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն: Երկու տուժածներ էլ Գյումրու հիվանդանոցում ամբուլատոր բուժօգնություն էին ստացել'հրաժարվելով ստացիոնար բուժումից:

Այսօր Aravot.am-ը այցելեց Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն' տեղեկանալու տուժածների առողջական վիճակի մասին ու նաեւ որոշ մանրամասներ ճշտելու տեղի ունեցած վթարի շուրջ: Տուժածներից երկուսը եղբայրներ էին, ովքեր պառկած էին նույն հիվանդասենյակում, մեկի կողերն էին վնասվել, մյուսի թե կողերը եւ թե թոքը: 60-ամյա Հրաչյա Խաչատրյանը, որի 5 կողոսկրերն էին կոտրվել, խոսում էր մեծ դժվարությամբ, անընդհատ հազում էր' չկարողանալով ավարտին հասցնել միտքը: Այդուհանդերձ մեզ փոխանցեց հետեւյալը. «Ես կյանքիս մեջ առաջին անգամ պիտի Ռուսաստան գնայի գազելով, ես երբեք նման բան չէի արել, միշտ ինքնաթիռով եմ մեկնել: Միկրոավտոբուսի մեջ 3-ով էինք' ես, եղբայրս ու տղաս, վարորդը շատ արագ էր քշում, երբ միկրոավտոբուսը շուռ եկավ, չէինք կարող դուրս գալ միջից. մի դռնանոց էր, հնարավոր չէր դուրս գալ: Էս ո՞ր դարն է, բա կարելի՞ է նման միկրոավտոբուս օգտագործել, մի բան էլ մեջը 18 հոգու լցնել ու տանել, դրանք նախատեսված են 12 հոգու համար, այն մարդը, որ մահացավ, լրացուցիչ աթոռ էր դրել ու նստել: Ես Ռոստով չէի գնում, Վորոնեժ էի գնում ու գիտեք ինչի՞ համար էի գնում. հայրենիքս մի աշխատանքի տեղ ինձ չի տալիս, ապրելու տարրական պայման չի ստեղծում, գնում էի օրվա հաց վաստակելու: Իմ ընտանիքից Հայաստանում աշխատող չկա, ես ինձ իմ հայրենքիում մարդ չեմ զգում: Հիմա մոլորվել եմ, ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ես առողջանամ, ամբողջ ընտանիքս իմ երեսին է նայում: 30-40 տարի անընդհատ ներս ու դուրս եմ արել, ավտոբուսով գնալը իմ կյանքի ամենամեծ սխալն է, փորձառու վարոդը ո՞րն է. Հայաստանում փորձառու մարդ չկա, վարորդներից մեկը միջին հասակի էր, մյուսը'համեմատաբար ջահել: Դեպքը առավոտյան 10-ի կողմ է կատարվել, համարյա հասել էինք տամոժնյա, քիչ էր մնացել, 2 անգամ ձախ կողմի վրա շուռ եկավ միկրոավտոբուսը, դրա համար էլ երկուսը մահացան: Հենց իմ դիմաց նստած մարդն էր մահացողը, իմ գլուխս ու իրա ոտքերը իրա վրա էին ընկել, ինձ էլ նստատեղն էր սեղմել, չէի կարողանում դուրս գալ, տղաս մի կերպ, գերմարդակային ուժ ստանալով, քաշեց ինձ հանեց, հետո եղբորս ու հետո մնացածին»:

Հիվանդն ասաց, որ բժիշկները նրան զգուշացրել են, որ կապաքինվի 2-3 ամսվա ընթացքում: «Բայց եսիմ, լավանամ աղջիկ ջան, 60 տարեկան մարդ եմ արդեն: Մեր հետ կային նաեւ Ռուսաստան գաղթողներ, մահացող աղջիկը հենց մեր թաղից էր, մարդիկ մնան ստեղ ի՞նչ անեն, երբ որ իրա երկրի մեջ տեր չի զգում, անտեր ու դուրս մարդ է, Հայաստանի իշխանությունները մեր նմաններին իրենց քաղաքացին չեն համարում, էլ ստեղ որպես ի՞նչ մնա, զոռով դուրս են անում հայրենիքից», -դժգոհեց տուժածը:

Միակ չվնասված ուղեւորը մեր զրուցակցի որդին էր, ով մեզ փոխանցեց, որ ինքը մի կերպ կարողացել է օգնել բոլորին: Նա նա եւ ասաց, որ մահացած 17-ամյա աղջիկը Դոնի Ռոստով էր ուղեւորվում մենակ, մայրը ճանապարհում էր հոր կամ քեռու մոտ, լավ չէր հիշում, անցած տարի էլ մահացել էր նրա երիտասարդ եղբայրը: Երբ մայրը իմացել է աղջկա մահվան լուրը' դատապարտել է իրեն' ասելով, թե քո մահը ես իմ ձեռքերով գնեցի: Մեկ այլ հիվանդասենյակում էլ պառկած էր ռուսախոս մի կին'Նատալյա Արմախանյանը, ով փաստեց, որ մոտ մեկ կիլոմետր էր մնացել մաքսատուն հասնելու համար: Տիկնոջ ասելով, այնքան հորդառատ անձրեւ էր, ճանապարհներն այնքան թաց էին, որ վարորդը ուզել է մեքենան պահել, չի ստացվել: Ըստ նրա, տեղում արտակարգ բուժօգնություն են կազմակերպել, անծանոթ մարդիկ եւս եկել են օգնության, իրենց շտապօգնության, ինչպես նաեւ անհատական մեքենաներով տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, ամեն ձեւով օգնել են'ռենտգեն հետազոտության են ենթարկել, այնուհետ տեղափոխել են Գյումրի:

Տիկինը լացում էր, որ ինքը գնում էր Կրասնոդար' իր մոր հուղարկավորությանը մասնակցելու, իսկ այժմ վնասվել է ուսը, որը դեռ չգիտեն, երբ կվիրահատեն: Գյումրու հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ հիվանդներից մեկի մոտ կողերի կոտրվածք է, մյուսինը եւս կողերի կոտրվածք է' թոքի վնասումով: Այդ հիվանդի վիճակի կայուն ծանր է, եւ ըստ բժշկի, վաղը նորից հետազոտելու են, եթե նեղ մասնագիտական բուժման կարիք լինի, հնարավոր է եւ նրան տեղափոխեն Երեւան' թորակալ վիրաբուժության բաժանմունք: Տրավմատոլիագիայի բաժնում պառկած տիկնոջ վիճակը եւս ծանր կայուն է, նա ունի ուսի կոտրվածք, եւ իրանի շրջանում հեմատոմա, հիվանդներից մեկն էլ արմունկային հոդի հոդախախտ է ստացել, որը դուրս է գրվել:

Ըստ փոխտնօրենի, հիվանդների հարազատները իրեն պատմել են, որ անձրեւային եղանակ է եղել, մեքենան շուռ է եկել, եւ եթե դիմացը քարից պատնեշ չլիներ, այն կգլորվեր Դեբեդ գետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ