Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցի բնակիչները նամակով դիմել էին թաղապետարան: Փորձեցինք կապվել թաղապետ Արմեն Սարգսյանի հետ' ճշտելու համար, թե ինչ ընթացք է տրվել դիմումին:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մանե Վարոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ թաղապետը աշխատանքի չի եկել, քանի որ մահացել է նրա եղբայրը:

Տիկին Վարոսյանը տեղյակ չէր շենգավիթցիների բողոքից: «Քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք բարձրացվում, ներկայացվում են: Տարվա վերջին ծրագիր է կազմվում, և ամբողջը ներկայացվում է քաղաքապետարան: Ըստ բյուջեի' ծրագրում նախատեսվում են ամենաառաջնային խնդիրները: Հիմա ամբողջ քաղաքում, նաև Շենգավիթ շրջանում, հենց գարնան սկզբին, երբ եղանակները նպաստավոր էին, սկսվել է ասֆալտապատումը և մինչև խոր աշուն դա պետք է շարունակվի: Ես չգիտեմ' 16-րդ փողոցն ընդգրկվե՞լ է ծրագրում»: Մեր այն դիտարկմանը, որ փողոցում արդեն ասֆալտապատում արվել է և լուրջ խնդիր է հարուցել բնակիչների համար, խորհուրդ տվեց կապվել կոմունալ բաժնի պետ Հասմիկ Ղազարյանի հետ, ով, սակայն, տեղում չէր:

Տիկին Վարոսյանը նշեց, որ քաղաքի խնդիրները մեկ օրում լուծել հնարավոր չէ: Դրանք լուծվում են աստիճանաբար: Մեր դիտարկմանը, որ այս դեպքում խնդիրն այն է, որ ջուրը կարող է լցվել մարդկանց տուն, ու տունը կարող է խոնավանալ ու փտել, հակադարձեց. «Օրինակ' ձմռան ժամանակ, երբ աշխարհի բոլոր երկրներում էդ խնդիրները կան: Եթե բնական տարերքներ են լինում, դրա դեմը որևէ մեկը կարո՞ղ է առնել: Այս օրերին, եթե հետևում եք լրատվությանը, գնում են հենց էդ քննարկումները' ի՞նչ անել, որովհետև հեղեղատարներ պետք է սարքվեն… ասֆալտից էլ կարող է ջուրը հոսել լցվել տուն: Էդպես ասֆալտապատ փողոցներ շատ կային, որ անձրևն եկավ, նկուղային լրիվ խանութները հեղեղվել էին…»: Նա նշեց, որ այդ խնդիրները կան, որոնք լուծվում են: «Դա մեկ օրում չի, որ որոշեն ու առավոտյան լուծեն»,- ասաց նա: Մեր դիտարկմանը' որ մարդիկ սպասում են տարիներով, տուժում են, բայց խնդիրները չեն լուծվում, ասաց. «Էդպես է, խնդիրները տարիներով են լուծվում»:

Արմինե Վարդանյան