Hetq.am. Գազի գնի բարձրացումն ունի շատ ավելի քաղաքական, քան տնտեսական պատճառներ: Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ գազը թանկացնելու որոշում կայացվել է փետրվարի 18-ի նախագահական և մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններից առաջ, և գազի թանկացման պայմանագիրը գործում է ապրիլի 1-ից: Փոխարենը Հայաստանի իշխանությունները գազի թանկացման դիմաց ռուսներից խնդրել են պաշտպանել ընտրությունների արդյունքները, և որ գազի թանկացման մասին խոսվի երկու ընտրությունից հետո:

«Այսինքն՝ դրսի մի քաղաքական միավոր իր քաղաքականությունը թելադրում է Հայաստանում՝ ելնելով նրանից, որ այստեղ կեղծ ընտրություններ են իրականացել, բայց իրենք ճանաչում են այդ կեղծ ընտրությունները և դրա արդյունքում թելադրում են Հայաստանի իշխանություններին»,- ասաց Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե մի՞թե «Գազպրոմի» համար այդքան կարևոր շուկա էր Հայաստանը՝ ՀԱԿ խմբակցության քարտուղարը կարծիք հայտնեց, որ խնդիրը թելադրելն է, Հայաստանին գործիք դարձնելը:

«Այստեղ «Գազպրոմի» խնդիրը չէ: Այստեղ քաղաքական այն լծակն է, որը «Գազպրոմը», տվյալ դեպքում ռուսական կողմը օգտագործում է Հայաստանի իշխանությունների վրա որպես քաղաքական խաղաքարտ»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա հավելեց, որ բացի Ռուսաստանից՝ Հայաստանի կեղծված ընտրությունները որպես գործիք են օգտագործում նաև ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, որոնք փորձում են այդ խաղաքարտով այս տարածաշրջանում լուծել իրենց խնդիրները՝ իրենց շահերից ելնելով:

Սոնա Ավագյան