Այսօր հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները. այդ նպատակով Երևանում և մարզերում ձևավորվել են 36 քննական կենտրոններ: Առաջին քննությունն անցկացվել է «Ռուսաց լեզու» առարկայից:

Այդ նպատակով Երևանում տեղակայված քննական կենտրոն էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների և նրանց ծնողների հետ: Նախարարը հաջողություն է մաղթել բոլոր դիմորդներին, իսկ ծնողներին հորդորել պահպանել հանգստություն: Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են թեստերի որակին և դիմորդների քանակին:

Անդրադառնալով թեստերին՝ նախարարն ընդգծել է, որ բոլոր հարցերը կազմվել են բացառապես հանրակրթական ծրագրին համապատասխան և հույս հայտնել, որ այս տարի ևս քննությունները կանցնեն նույնքան խաղաղ և հանգիստ մթնոլորտում, որքան նախորդ տարի: Խոսելով «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն օտար լեզուների ցանկում ներառելու մասին՝ Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ռուսաց լեզուն հետաքրքրություն է առաջացրել դիմորդների շրջանում՝ այսպիսով թույլ տալով տարբեր ֆակուլտետների դիմորդներին որպես օտար լեզու հանձնել նաև ռուսերենը: Նախարարն ընդգծել է նաև, որ «Ռուսաց լեզու» առարկայի նկատմամբ մեծ է հետաքրքրությունը նաև Ռուսաստանի Դաշնության ռազմական բուհերի դիմորդների շրջանում, քանի որ ՀՀ և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրով Հայաստանին հատկացվել են որոշակի տեղեր: Անդրադառնալով դիմորդների թվին՝ նախարարն ընդգծել է, որ այս տարի նկատվել է դիմորդների թվի որոշակի նվազում, որը Արմեն Աշոտյանը բացատրել է երկու հանգամանքով՝ նախ, որ անցյալ տարվանից 50 տոկոսով ավելացել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին տրամադրվող անվճար տեղերը և վերացել ընդունելության քննությունները նշված ուսհաստատություններում: «Երկար տարիներ խոսվում է, որ աշխատաշուկայում առկա է պահանջարկ' միջին մասնագիտական կրթությամբ աշխատողների, մինչդեռ զուգահեռ կա գերհագեցած բարձրագույն կրթությամբ մասնագետների շուկա: Այսինքն, աստիճանաբար կատարվում է մարդկային հոսքերի վերաբաշխում, և պետության քաղաքականությունը' խթանել միջին մասնագիտական կրթությունը, իր արդյունքն արդեն տալիս է: Եվ երկրորդ, այս տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանն իրականացնում է նաև բակալավրիական կրթություն, և դիմորդների մի զգալի մաս նախապատվությունը տվել է վերոնշյալ բուհին: Գովելի է, որ բուհական համակարգում մրցակցությունը նոր ձևեր է ստանում, և պետությունն իրականում շահագրգիռ է' մրցակցության շնորհիվ կրթության որակի բարելավմանը»,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ հաջորդ միասնական քննությունը կանցկացվի հունիսի 4-ին, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից: