168.am. Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատաքննությունը: Դատաքննության ընթացքում հարցաքննվեց գործով վկա, Պարույր Հայրիկյանի հարևան Խաչատոր Ջանազյանը: Նա դատարանում պատմեց, որ դեպքի օրը բղավոց է լսել՝ օգնեցե՛ք, օգնեցե՛ք, խփեցին: Նա նշեց, որ կրակոց չի լսել, լսել է թմփոց, խուլ ձայն, որն ինքը նմանեցնում է մեքենային հարվածելու ձայնի: Վկան նայել է պատուհանից, այնուհետև դուրս է եկել տանից և տեսել, որ Պարույր Հայրիկյանը պառկած է աստիճանների վրա: Վկայի հարցաքննության ավարտին գործով մեղադրյալ խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ նրա՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում առկա են հակասություններ, որոնք վերաբերում էին կրակողի ձայներ լսելուն: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը: Նշենք, որ այս դատական նիստի ընթացքում դատավարության կողմերի հարցերը հաճախ առաջացնում էին դատավարության մասնակիցների ծիծաղը: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը կոչ արեց դատավարության կողմերին չվիճաբանել, ապա նաև խորհուրդ տվեց վրդովվելու կամ ոգևորվելու դեպքում սառը ջուր օգտագործել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 7-ին:

Օֆելյա Հովհաննիսյան