Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մտադիր է հունիսի 21-ի նիստում քննարկել Երևանի Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի: Քննարկման արդյունքում հանձնաժողովը կընդունի որոշում:

Ա.Թյությունջյանը բողոքել է ընդդեմ ԱԺ պատգամավորի, ով իր հետ հեռախոսազրույցում, ըստ դիմումատուի, օգտագործել է պատգամավորին և կնոջը ոչ վայել բառապաշար: Ըստ Ն.Կարապետյանի, «ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է»:

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, Երևանի Մոսկվայի տան տնօրենի դիմումի քննության շրջանակներում, հանձնաժողովն լսել է դիմումատուի և պատգամավորի պարզաբանումները: Հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ նշանակված՝ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն էլ հայտնել էր, որ պարզաբանումները լսելուց հետո դիմումի հետագա քննարկումը կընթանա ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված ընթացակարգի: Այն է՝ հաջորդ փուլում հանձնաժողովի քննարկմանը պետք է ներկայացվի որոշման նախագիծ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մայիսի 17-ի դռնփակ նիստում որոշել էր վարույթ ընդունել Ա. Թյությունջյանի դիմումը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Էթիկայի հանձնաժողովը հարցի քննությունն ավարտում է հարցի քննությունը սկսելու վերաբերյալ իր որոշման կայացման օրվանից հետո' աշխատանքային 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը կարող է Էթիկայի հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև 20 օրով, եթե հարցի քննության համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել և հարցի քննության մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում կամ եզրակացություն ընդունել: