«Այս պահին կան ձերբակալվածներ, կատարվում են համապատասխան քննչական, օպերատիվ միջոցառումներ, ոստիկանություն են հրավիրվել և բերման ենթարկվել դեպքի մասնակից և հնարավոր ականատես անձիք, կատարվում են համապատասխան քննչական աշխատանքներ»,- այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրավիրվել է ոստիկանություն, Աշոտ Ահարոնյանն ասել է. «Այս պահին այսքանը, մի քանի րոպեից մեր կայքում կլինի պաշտոնական հաղորդագրություն»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե մարդիկ շարունակում են թերահավատորեն վերաբերվել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե արյունով հարց լուծողների վերջը այլևս եկել է, Աշոտ Ահարոնյանն արձագանքել է. «Ինչի՞ց են ենթադրում»:

Մեր դիտարկմանը, թե նմանատիպ հանցագործություններ գրեթե յուրաքանչյուր ամիս կատարվում է, Աշոտ Ահարոնյանը արձագանքել է. «Նմանատիպ դեպքերին որպեսզի գնահատական տանք, պետք է վիճակագրությանը նայենք այլ երկրների հետ համեմատությամբ, և ավաղ հանցագործություններ կատարվում են, որևէ երկիր ապահովագրված չէ, այո, հանցագործություններ կատարվում են, այլ խնդիր է, որ այդ հանցագործությունները շատ արագ և օպերատիվ կերպով բացահայտվում են»:

Փայլակ Ֆահրադյան