Այսօր՝ հունիսի 2-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և նույն վարչության Հատուկ նշանակության ջոկատի (СПЕЦНАЗ) աշխատակիցները Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Գորիսի, Սիսիանի և Կապանի բաժինների ծառայողների հետ Սյունիքի մարզում՝ մի խումբ անձանց տներում, հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնական զինամթերքը հայտնաբերվել է Սյունիքի մարզպետ, Լիսկա մականվամբ Սուրեն Խաչատրյանի և նրա մերձավորների բնակարաններում, օբյեկտներում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված բոլոր զենք-զինամթերքները քննչական խմբի կողմից ընթերականների ներկայությամբ առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել են և ուղարկվել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որպեսզի պարզվի, թե արդյոք նշված հրազենները օրինական են, թե ոչ, և այն օգտագործվել է այսօր՝ կեսգիշերին, Գորիսում հնչած կրակոցների ժամանակ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը գտնվում է գունատ ու վախեցած վիճակում, քանի որ ըստ գորիսեցիների, այս անգամ դժվար հաջողվի նրան ջրից չոր դուրս գալ, ինչքան էլ նրա հարազատներն ու մտերիմները հայտարարեն, թե մարզպետը կերուխումի ժամանակ է միայն եղել, իսկ կրակոցների ժամանակ ներկա չի եղել։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ոստիկանությունը առգրավել է նաև մարզպետի տան դիմաց տեղադրված տեսախցիկների տեսագրությունը։ Ի դեպ, և՛ ոստիկանները, և՛ շարքային գորիսեցիները կարծում են, որ մարզպետի կողմից բեմականացված շոու է այն, որ երբ ոստիկանները ժամանել են նրա տան մոտ, նա մի քանի րոպե անց դուրս է եկել տանից և հայտնի ֆիլմի՝ «01 99»-ի ֆիլմի հերոս Գարսևանի օրինակով, հայտնել է, թե «էս ինչ հաշիվ ա»։ Մեծ թվով գորիսեցիներ էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին, որ Սյունիքի մարզում վախի մթնոլորտը կվերանա, և հույս ունեն, որ մարզպետը պատասխանտվության կենթարկվի կատարած հանցագործությունների համար։ Արդեն կան նաև ձերբակալվածներ, և քննությամբ եթե ապացուցվի նրանց մեղավորությունը, ապա դիմելու են դատարան, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը։ Մոտակա ժամերի ընթացքում նախապատրասված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն Պաշտպանության նախարարության քննչական վարչություն։ Մինչև այս պահը Գորիսում են գտնվում ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը, նույն վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Լորիկ Սաֆարյանը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի