Անցյալ շաբաթ օրը Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրության կազմակերպություն»-ն իր 4-րդ գումարումն է հրավիրել, որի ժամանակ որոշում է կայացրել պատերազմով, այսպես ասած, «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից. փոխանցում է Contact.az ադրբեջանական կայքը:

Կազմակերպության ղեկավար Աքիֆ Նաղիի խոսքերով' կազմակերպության առաջնային նպատակը Ղարաբաղի ազատագրումն է: «Չի կարելի խոսել որևէ հաջողությունների մասին, քանի դեռ մեր հողերը օկուպացված են մնում»,-հայտարարել է նա:

Կազմակերպության ղեկավարը անիմաստ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար գործունեությունը: Նաղին հայտարարել է, որ իր կազմակերպությունը դեմ է սուտ խաղաղության հետ կապված հայերի նախաձեռնություններին:

Վերջինս կարծում է, որ Ադրբեջանի առաջնային խնդիրներից մեկը հանրությանը պատերազմին նախապատրաստելն է և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին վերջ դնելը:

«Պատերազմն անխուսափելի է: Մենք բանակ ունենք, փող ունենք, զենք ունենք: Ի՞նչն է մեզ խանգարում։ Առանց Ղարաբաղի՝ Ադրբեջանը գոյություն չի ունենա»,-հայտարարել է կազմակերպության ղեկավարը:

Կազմակերպության հրավիրած գումարման նիստը բանաձև է ընդունել, որով պահանջում է անհապաղ սկսել պատերազմական գործողությունները, հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ առաքելությունից և դադարեցնել ադրբեջանական բանակի դեմ քարոզարշավներ տանել: