Haynews.am. Կառավարությունը տեղյա՞կ է, որ գյուղնախարարության կողմից Արարատի մարզին տրամադրվող դիզվառելիքը գյուղացիներին չի հասնում կամ հարյուրից մեկին է հասնում:
Այս հարցը խորհրդարանում գյուղատնտեսության 2012 թվականի բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ բարձրացրեց ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը:

Վերջինիս հարցին պատասխանեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն' ասելով, որ ֆինանսների նախարարության համապատասխան վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում:

Նախարարը, դիմելով պատգամավորին, նշեց' «հենց որ ստուգումներն ավարտվեն, մենք ձեզ տեղյակ կպահենք», - և հավելեց, - «Եթե դուք իսկապես տեղյակ էիք, ապա, ցավում եմ, որ մեզ ավելի վաղ չեք տեղեկացրել»:

Նախարարի պատասխանից հետո վիրավորվեց պատգամավոր Մուրադ Մուրադյանի ինքնասիրությունը, և նա նման ձևով պատասխանեց. «Պարոն նախարար, բոլորն այդ մարզային յուրացումներից տեղյակ են: Մարդիկ այնքան մեծ-մեծ են խոսում, որ ասում են «մեր դեմ խաղ չկա»: Եթե փակագծերը բացենք… Մնացածը կասեմ հայտարարությունների ժամին: Ես վերահսկողության ֆունկցիա կատարելու լիազորություններ չունեմ: Եթե ունենամ, շատ բան կարամ ջրի երես հանեմ»:

Դավիթ Սարգսյանն արձագանքեց. «Եթե դուք ունեիք նման ինֆորմացիա, լավ կլիներ, որ ավելի վաղ տեղեկացնեիք»:

Պատգամավորն արձագանքեց. «Պիտի Մուրադ Մուրադյանի՞ց ամեն ինչ դուրս գա: Մուրադյանն, ի՞նչ ա, ուժային կառո՞ւյց ա»: