ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը Գորիսում հնչած կրակոցներից հետո Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ չի զրուցել' նպատակահարմար չի համարում: Այս մասին նա հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում:

ՀՀԿ փոխնախագահը կատարվածից տեղյակ է այնքանով, որքանով որ գրվել է մամուլում: «Ժամանակից առաջ չընկնենք, եթե դեպք է պատահել, կարծում եմ' լավ չէ, որ հետաքննության ընթացքում գնահատականներ տանք կամ փորձենք ինչ-որ բան մեր վերլուծականով ներկայացնել»,- հայտարարեց Սահակյանը:

Հարցին' մարզպետի մասնակցությունն այս դեպքերին տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, Սահակյանը պատասխանեց, որ «որեւէ բան ուղիղ կապով հիմա չգիտի», սակայն նաեւ հայտարարեց, որ եթե մարդը հանցանք է կատարում, բնականաբար, պետք է պատժվի: Իսկ կպատժվի՞ Սուրեն Խաչատրյանը, թե՞ ոչ, Գալուստ Սահակյանն այդպես էլ չհստակեցրեց:

ՀՀԿ փոխնախագահը կասկածի տակ է առնում մամուլում եղած հրապարակումները: Նա դեպքի կապակցությամբ հայտնեց իր սուբյեկտիվ կարծիքը. «Ինձանից սկսած' ցանկացած մարդ, ով հանցանք կկատարի, պետք է ադեկվատ պատիժ ստանա»:

Դիտարկմանը, թե ակնհայտ է, որ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ խնջույքից հետո է նման դեպք պատահել, մարզպետի մասնակցությունն ակնհայտ է, ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց. «Ինչ-որ հեքիաթի տեսքով եք պատմում, որովհետեւ ուղիղ' որեւէ մեկս տեղեկություն չունենք»:

Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահն ավելի խորությամբ է տեղեկացված խնդրին' «զեկուցած կլինեն»:

Ի դեպ, ըստ ՀՀԿ փոխնախագահի, այսօր ՀՀԿ ԳՄ արտահերթ նիստ չի նախատեսվում, այն տեղի կունենա ինչպես միշտ' հինգշաբթի օրը: