Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կրկին կքննարկի Հայաստանին մատակարարվող գազի սակագինը: Նման տեսակետ քաղաքագետը հայտնեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Ռիա Նովոստի»-ի այսօրվա այն հրապարակմանը, թե «Գազպրոմը» մինչև ամսվա վերջ, ըստ ամենայնի, ավարտին կհասցնի կարևոր գործընկերների հետ մատակարարվող գազի գնի փոփոխման շուրջ բանակցությունները։

«Համոզված եմ, որ ցանկացած դեպքում, այդ թվում նաև Հայաստանի հարցը, կքննարկվի Ռուսաստանի կողմից, կասկած ես չունեմ: Կարող է հրապարակման մեջ Հայաստանը տեղ չի գտել: Բայց, ընդհանուր առմամբ, կասկած չունեմ, որ քննարկումների ժամանակ կշոշափվեն հետխորհրդային երկրները»,- ասաց նա:

Անդրադառնալով նույն հրապարակման այն կետին, ըստ որի, «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևն այսօր հայտարարել է, որ գազի գինը 7%-ից ավելի չի էժանանա, քաղաքագետը չբացառեց, որ այն հնարավոր է կապված լինի Հայաստանում գազի գնի բարձրացման շուրջ հանրության բացասական արձագանքի հետ:

«Դեռ պաշտոնապես չեն բարձրացրել, իսկ արձագանքը Հայաստանում շատ խիստ էր, դժգոհության մակարդակը շատ բարձր էր, ստիպում էին իշխանություններին քայլեր անել: Պարզ է, որ Ռուսաստանում հետևում են, քանի որ մենք ռազմավարական գործընկերներ ենք: Չեմ բացառում, որ դժգոհության այդ ալիքը մտահոգեց Ռուսաստանին և նա ուզում է ինչ-որ քայլեր անի: Կարծում եմ պետք է քննարկեն իրենց վերաբերմունքը իրենց «պարտնյորի» նկատմամբ»,-ասաց նա:

Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ եթե Ռուսաստանը ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում բարձրացնում է գազի սակագինը, ուրեմն նրա հետ ռազմավարական գործընկեր մնալը անիմաստ է:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Գազպրոմի» գազի սակագնի որոշ երկրների դեպքում 7% իջեցմանը հարցը չդիտարկեց տնտեսական ոլորտում: Նա ընդգծեց, որ իր կարծիքով գազը չի կարող զուտ տնտեսական գործոն լինել կամ միայն որպես ապրանք դիտարկվել:

«Բնականաբար, գազը քաղաքական կատեգորիա է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով ու ազդեցություններով: Հետագայում թե ինչ սակագին կորոշվի կապված կլինի նրա հետ, թե հայ-ռուսական հարաբերությունները ինչպես կզարգանան»,- ասաց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ առաջարկելով գազի գործող սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: Մայիսի 16-ին կայացած կառավարության հերթական նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստ է գազի սակագինը սահմանին 30%-ով սուբսիդավորել: