Anonymous խմբի հաքերները խափանել են Թուրքիայի կառավարության կայքի աշխատանքը և ստացել փակ տեղեկություններ՝ էլեկտրոնային փոստերի հասցեներ և գրանցված օգտատերերի գաղտնաբառեր, հայտնում է Tert.am-ը՝ հղում տալով Вести-ին։

Anonymous-ը պաշտոնապես հայտարարել է կայքը կոտրելու մասին Twitter-ի աքաունթի միջոցով։ Այս խումբը գործել է, այսպես կոչված, Սիրիայի Էլեկտրոնային բանակի հետ։ Կառավարության կայքը կոտրելու մասին հայտնել է նաև թուրքական «ՌեդՀաք» հաքերական խմբավորումը։

Հարձակման ընթացքում ստացված տվյալները դեռևս չեն տեղադրվել համացանցում։ Ընդ որում՝ Anonymous-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման նպատակ չունեն. ակցիան իրականացվել է՝ խոցելիությունը ցույց տալու համար։
«Սակայն եթե անհրաժեշտություն կա, մենք կարող ենք տեղադրել մի աքաունթի գաղտնաբառ, որպեսզի մարդիկ համոզվեն հարձակման իրական լինելու մեջ»,- ասվում է խմբավորման հայտարարությունում։

«ՌեդՀաքը» խոստանում է առաջիկա ժամերի ընթացքում համացանցում տեղեկություններ տեղադրել ՆԳՆ տվյալների բազայի էլեկտրոնային փոստերի հասցեների և գաղտնաբառերի մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն մի քանի օր է անկարգություններ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։ Իզմիրում ձերբակալվել է 24 բլոգեր։