Պատմությունն ավելի շատ հակամարտություններն է ցույց տալիս, հազվադեպ' այն մարդկանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել հակամարտությունների արանքում ճզմվող ժողովուրդներին: Պատմությունը, մեծ հաշվով, չէր հասցնի վավերացնել, թե ինչպես կարող է մեկ մարդը փախցնել և փրկել աշխարհի ափսեում դրված մի պատառ ժողովրդի կյանքը: Առանձին անհատներն են, որ հիշեցնում և վավերացնում են աշխարհի ամենակարևոր պատմություններից մեկը, երբ մտավորականը դուրս է գալիս իր լաբորատորիայից և օգնության ձեռք է մեկնում մի ժողովրդի: Գրում է henaran.am-ը։

Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Նանսենի անվան այգում ճարտարապետ Ալբերտ և Արտաշես Սոխիկյանները, շինարար Յուրի Ավագյանը կառուցում են Նանսենի հիշատակին նվիրված թանգարան ու եկեղեցի: Ու սրա մասին նույնիսկ տեղաբնակները կարգին չէին տեղեկանա, եթե անցյալ տարի աղմուկ չբարձրանար, թե այգում շինարարություն է իրականցվում, ուրեմն' կազինո է կառուցվում' հասեք, փրկեք: Աղմուկը լռեց, երբ պարզ դարձավ, որ այնտեղ, իսկապես, ժամանակակից փոքրիկ թանգարան ու եկեղեցի է կառուցվում:

Նանսենի հայրենակիցներն էլ, դժվար իմանային մեծ աշխարհի վրա այս փոքրիկ կետը, որտեղ մի խումբ մարդիկ իրենց հայրենակցի հանդեպ ունեցած երախտագիտություն են հավերժացնում: Բայց այս նորվեգացիները մի հետաքրքիր ժողովուրդ են' առնում են քարտեզն ու վազում աշխարհով մեկ: Եվ ահա, համացանցային քարտեզը կովկասյան տարածաշրջանում նորվեգացիներին հուշել է Նանսեն անունը: Նրանք էլ նշել են այդ հատվածը որպես թիրախ գոտի ու աշխարհի ծայրից վազելով հասել այստեղ' Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նանսենի այգի:

Ես, իհարկե, ոչինչ չհասկացա, թե ինչու են 70-ն անց այս մարդիկ քարտեզները ձեռքներին շնչասպառ վազում ու պտույտներ գործում այգու տարածքում: Բայց հաճելի էր տեսնելը, որ այս մարդիկ ապրելու մեծ հավես ունեն և ուզում են առողջ ու հետաքրքիր ապրե: Այգում հայ տարեց մարդիկ կային, ովքեր մեզ պես զարմացած հետևում էին նորվեգացիների վազքին: Ասացի՝ «Դուք էլ վազեք նրանց պես, տեսնո՞ւմ եք՝ ինչ առողջ կենսակերպ են վարում»: Նրանցից մեկը արագ գտավ իսկական հային արժանի պատասխան. «Բայց մենք էլ ենք ջահել երևում…»:
Վերջում, երբ նորվեգացի վազորդներն ավարտեցին իրենց շրջապտույտն ու մոտեցան դիտելու իրենց մեծ հայրենակցին նվիրված այդ անկյունը, հաճելի էր նրանց ժպիտներին հետևելը: Նորվեգացիների հետ զրույցից հասկացա, որ այս մարդիկ ամեն ինչ գիտեն մեծ մարդու և գիտնականի մասին: Եվ տեղյակ էին նանսենյան անձնագրերի մասին, որով հազարավոր հայեր փրկվել են կարողացել մեծ աշխարհում ապրելու տեղ գտնել:

Հիշեցնենք, որ Նանսենի, այլ հայասերների եւ հայ քաղաքական գործիչների ջանքերը զուր են անցնում Ազգերի լիգայում և Լոզանի կոնֆերանսում Ցեղասպանությունից փրկված հայերի համար դրական քաղաքական լուծումներ գտնելը: Այդ ժամանակ հայկական հարցը քաղաքականից վերածվում է մարդասիրականի. Պետք էր փախստականների համար ինչ-որ բան անել, ովքեր Ցեղասպանությունից հետո քաղաքացիական իրավունքներ չունեին հանգրվանած երկրներում: Այս խնդիրը լուծում է Նանսենը' 1922 թվականին Ժնեւի կոնֆերանսում առաջարկելով սահմանել իր ստորագրությամբ անձնական վկայականներ:

Մի գիտնականի եւ մի ժողովրդի միջեւ եղած սերը մեծ վավերագրություն ունի, որը կցուցադրվի նորակառույց թանգարանում: Թանգարանի ժամանակակից ու հարմարավետ լուծումները հաճելի անակնկալ էին: Այն փոքրիկ, շրջանաձեւ կառույց է' հարմարեցված ժամանակակից տեխնոլոգիաներով նյութերի ցուցադրման եղանակներին: Թանգարանի դիմաց Նանսենի արձանն է: Իսկ կողքը' եկեղեցի: Եվ հաճելի անակնկալ էր նաեւ այն, որ եկեղեցին նախագծվել է' զերծ մնալով ծավալապաշտական նկրտումներից: Երբ զրուցում էինք վերջին շրջանում սրված եկեղեցիների կառուցման մոլուցքի մասին, ծրագրում իր մասնակցությունն ունեցող ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն ասաց. «Իհարկե, ճանապարհ վերականգնելն էլ եկեղեցաշինություն է, որովհետեւ հիմա մենք այդ խնդիրն ավելի շատ ունենք: Իհարկե, ինչքան եկեղեցի ունենք' բավական է: Եղածը պետք է պահպանենք: Դրա համար նախընտրել ենք շատ փոքրիկ եկեղեցի, համարյա մատուռ»:
«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը մեզ հետ զրույցում պատմեց իր հեղինակած հրատարակված ու դեռ հրատարակվելիք գրքերի մասին: Եվ պատմեց, որ մի առիթով, երբ պաշտոնյաներին ներկայացրել է այդ գրքերի ցանկը, ներկաներից մեկը սրամտել է, թե' «Այդ գրքերի թիվը ճիշտ այնքան է, որքան Լենինին նվիրված հատորներն են եղել»: Իսկ Բախչինյանը պատասխանել է, որ ինքը ոչինչ չի հորինում. Նանսենն, իսկապես, գրվելու արժանի երեւույթ է: «Որտեղից եք գտնում գրքերի հրատարակման գումարները»,- հարցին Բախչինյանը պատասխանեց. «Նանսենի նման գիտնականը չի ամաչել եւ հայերի փրկության համար պարզել է իր գլխարկն ու գումար է հավաքել: Հիմա հասկանո՞ւմ եք…»:

ՀԳ. Արդեն վաղուց բոլորս զգացողություն ունենք, որ ամեն ինչ դուրս է եկել հսկողության շրջանակներից, մեր տեսադաշտից դուրս են մնացել գործեր, որոնք ի վիճակի ենք անել, բայց չենք անում: Որովհետեւ բոլորս աչք չենք բացում մեծ քաղաքականության բուռն անցուդարձից եւ բոլորս հետեւում ենք պատմական անցուդարձին' թե ինչպես են քաղաքական հակամարտությունների արանքում ճզմվում ժողովուրդներ: Սակայն, ինչպես Բախչինյանը կասեր, հասկանո՞ւմ եք, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Ի վերջո, կան անհատներ, ովքեր թանգարանի, այգու, հուշակոթողի եւ գրքերի միջոցով վավերացնում են մի մարդու գործը, որը Գարեգին Առաջին կաթողիկոսի բնորոշմամբ' «Ավետարանի մարդկային թարգմանությունն է»: