Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Բացելով նիստը՝ վարչապետն ասել է. «Այսօրվա օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ սկսել Արմավիրի մարզի խնդիրներից։ Մենք պետք է հետևողական լինենք, որպեսզի կարկուտի հասցրած վնասների հետ կապված մեր օժանդակությունը տեղ հասնի, և գյուղացիներն զգան, որ պետությունն իրենց կողքին է։

Երեկ երեկոյան ես նորից այցելել էի Արմավիրի մարզ և Արմավիր համայնքում էի։ Ահա իմ դիտարկումները.

Առաջին՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակները, որոնք առաջին հերթին օժանդակության կարիք ունեն, համայնքապետարանի պատին փակցված էին, և համայնքի բոլոր ներկայացուցիչները հնարավորություն ունեին ծանոթանալու այդ ցուցակներին, և եթե կային անճշտություններ կամ առարկություններ, նրանք կարող էին այդ ամենը մեզ ներկայացնել։ Չափազանց կարևոր է, որ այդ աշխատանքն իրականացվում է։

Երկրորդ՝ հիշում եք, որ մենք որոշում ընդունեցինք գումարներ հատկացնել, որպեսզի օգնենք, որ գյուղացիները ջրի վարձը վճարեն, և այն տնտեսություններում, որտեղ 100 տոկոսանոց վնաս էր, նաև հողի հարկը։ Հիմա խնդիր է դրված, որպեսզի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացահայտի առավել անապահով խմբերին։ Պարոն Ասատրյանն ինձ զեկուցել է, որ աշխատանքն ավարտել են, և շուրջ 1600 ընտանիք այս կարկուտի հետևանքով պետք է ստանա ֆինանսական օժանդակություն։ Մենք խոստացել էինք մեր գյուղացիներին, որ առավել անապահովներին պետք է օգնենք։

Դրա համար ես առաջարկում եմ, որ մեր նիստն սկսենք այս հարցերից»։

Արմավիրի մարզում 2013 թ. մայիսի 12-ին կարկտահարությունից հարյուր տոկոս տուժած քսաներեք գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին կառավարության որոշմամբ հրատապ միանվագ օգնություն է ցուցաբերվելու 50 հազարական դրամի չափով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսություններում մշակվող բուսատեսակներին կարկտի հետևանքով պատճառված վնասի չափը գյուղացիներին թույլ չի տալիս վճարել իրենց հողի հարկը և օգտագործված ոռոգման ջրի վարձավճարը, կառավարությունն այդ նպատակով Արմավիրի մարզպետարանին է հատկացրել 207 մլն դրամ։

Երեկ արմավիրցիները վարչապետին նաև տեղեկացրել էին, որ կարկտից տուժած տնտեսություններից մի քանիսը ոռոգման նպատակով օգտագործում են խորքային հորերի ջուրը։ Տիգրան Սարգսյանն առաջարկել է փոխհատուցել այդ տնտեսությունների էլեկտրաէներգիայի վարձը։

Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել 350 մլն դրամ, որից 328 մլն 600 հազար դրամը՝ հակակարկտային կայանների տեղակայման, 21 մլն 400 հազարը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող կայանները նորոգելու և տեխնիկապես մատչելի դարձնելու և «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի շահագործմանը հանձնելու համար։ Որոշումը թելադրված է Արմավիրի մարզի տարածքում հակակարկտային աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ։ Նախարարը վարչապետին հավաստիացրել է, որ հակակարկտային կայանները կտեղադրվեն երեք ամսվա ընթացքում։

Գործադիրը մեկ այլ որոշմամբ Արմավիրի մարզպետարանին է հատկացրել ավելի քան 7.5 մլն դրամ Մրգաշատ գյուղի բնակիչ Հունան Մխիթարյանի 14 անձից բաղկացած ընտանիքի համար երկհարկանի առանձնատուն գնելու համար։ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երկրում կա 9 և ավելի երեխա ունեցող 24 բազմազավակ ընտանիք, որոնցից մեկը Հունան Մխիթարյանի ընտանիքն է։ Աջակցություն կստանան այդ բոլոր ընտանիքները։

Վարչապետն այցելել է նաև մշակույթի պալատ և ընդառաջելով արմավիրցիների ցանկությանը, այսօրվա իր կարգադրությամբ 1 մլն դրամ է հատկացրել գյուղում ներկայացում բեմադրելու համար։ ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ըստ ամենայնի աջակցել մշակույթի պալատի գործունեությանը։ «Դրամական միանվագ օգնությունը տուժածներին աջակցելու առաջին քայլն է, երկրորդը կլինի այդ նպատակով ստեղծված հիմնադրամի միջոցների հաշվին», - ասել է Տիգրան Սարգսյանը։

Վերաբաշխում կատարելով 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ին որպես նվիրատվություն տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 5 մլն դրամ։
Կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանն ավելի քան երկու միլիոն դրամ է հատկացվել Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջներում սարքերի և սարքավորումների տեղադրման համար արհեստագործական մասնաշենքերի կառուցման տեղակապման նախագծային աշխատանքների համար։